Երևանի թիվ 131 դպրոցում դեղին համազգեստով աշակերտներն օրվա հերթապահներն են. շրջում են ցածր դասարանների միջանցքներով, որ բուլինգի դեպքեր նկատելիս՝ կանխեն: Բայց որ կարողանան դա անել, նախ իրենք են դասընթացների մասնակցելով սովորել՝ բուլինգն ագրեսիայի պարբերական դրսևորումն է, տեսակները՝ շատ տարբեր:
Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» Երևանի թիվ 131 հիմնական դպրոցում դասընթացներ է կազմակերպել աշակերտների և ուսուցիչների հետ:

Հարցումների մասնակցած աշակերտները պատմել են, որ առավել հաճախ բուլինգի են ենթարկվում ֆիզիկապես թույլերը, իրենց պաշտպանել չկարողացողները, չշփվող, սոցիալապես անապահով ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեցող աշակերտները, հաճախ նաև, օրինակ, ակնոց կրողները, բարձրահասակները կամ ցածրահասկները, մի խոսքով մյուսներից տարբերվողները:
Աշակերտները նաև պատմել են, որ այդ ամենը հիմնականում դասամիջոցներին են լինում ու միջանցքներում: Դասընթացների մասնակցած ուսուցիչներն ու հոգեբաններն էլ որոշել են միջանցքների հատակին ժամանցային, կրթական և ուսուցողական խաղեր նկարել, օրինակ, բոլորին հայտնի "Класс"-ը: Դպրոցի այդ հատվածներն արդեն անուն ունեն՝ «ֆունկցիոնալ» միջանցքներ:
Ծրագրի 2-րդ փուլում մասնագետները 2-րդ դասարանցիներին սովորեցրել են անկաշկանդ ասել՝ «դա ինձ դուր չի գալիս» արտահայտությունը: Բացատրել են՝ դա կարող են ասել ամեն անգամ, երբ դիմացինի վարքը դուր չի գալիս իրենց: Սա էլ վերբալ բուլինգից խուսափելու գործիքներից մեկն է: Իսկ վերապատրաստում անցած ուսուցիչներն արդեն գիտեն՝ պետք է օգնեն, որ աշակերտներն ավելի ապրումակցող դառնան, կարողանան կարգավորել իրենց հուզական դաշտը, իսկ, եթե մեծերն էլ օգնեն, որ երեխաներն ավելի ինքնավստահ լինեն, ընկերական փոխհարաբերություններ կառուցեն, ապա բուլինգի ենթարկվելու և ենթարկելու հավանականությունը կնվազի: Այս հմտությունները կօգնեն նաև բուլինգի ականատես երեխաներին:
Մի խումբ աշակերտներ էլ բուլինգն ավելի պատկերավոր էին ներկայացրել իրենց պաստառներով:
Ծրագիրն առայժմ երևանյան 3 դպրոցներում է փորձարկվել
Այս ծրագիրն առայժմ երևանյան 3 դպրոցներում է փորձարկվել, վեց մարզերից ուսուցիչներ են վերապատրաստվել: Նաև բուլինգի կանխարգելման ծրագիր է մշակվել, Կրթության նախարարությունն էլ հաստատել է:
Նախագիծն իրականացրած «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» ղեկավար Տաթևիկ Մատիկյանն ասում է. - «Ունեցել ենք իրավիճակներ, երբ մեզ ասում էին՝ «իհարկե, կա, բայց մեր դպրոցն իդեալական է այս առումով»: Սա, բնականաբար, ցավոք սրտի, իրականությանը չի համապատասխանում, որովհետև «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» նաև իրականացրել է հարցումներ Հայաստանի բոլոր մարզերում, ցավոք սրտի, չկա որևէ դպրոց, որտեղ արձանագրվի, որ չկա բուլինգ»:
Ավելի քան 1300 աշակերտ ունեցող թիվ 131 դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանն ինքն է սովորել այս դպրոցում, հետո որպես ուսուցիչ է աշխատել այստեղ, հիմա էլ տնօրենն է: Ասում է՝ բուլինգը եղել է ու կա նաև իրենց դպրոցում: Փորձել ու փորձում են դրա դեմ պայքարել, հիմա ուղղակի՝ նոր գործիքներ կկիրառեն:
Զաքարյանը հիշեց իր աշխատասենյակում այդ թեմայով վերջին հանդիպումը՝ բարձր դասարանի աշակերտներից մեկի և ուսուցչի հետ. - «Ես խնդրել եմ ուսուցիչներին՝ հանգիստ թողեք, մենք մեծերս ունենք էդ հանդուրժողականությունը, մեծահոգությունը, մի քիչ աջ նայեց, մի քիչ ձախ նայեց, ոչինչ, թող նայի, թողեք մեջը գտնի այդ ուժը վերափոխվելու»:
Մինչ 131-ի ուսուցիչները, հոգեբանները, տնօրինությունն ու աշակերտները փորձում են իրենց դպրոցում նվազեցնել բուլինգի դեպքերը, երևանյան մասնավոր դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտի ծնողն արդեն 2 տարի է՝ փորձում է ապացուցել, որ իր երեխային ուսուցիչն է բուլինգի ենթարկել: Մոր պնդմամբ՝ ուսուցիչը հետևողականորեն ստորացրել է նրան, հոգեբանական վատ դրության մեջ դրել ու այդ ամենին մասնակից դարձրել նաև դասարանի մյուս աշակերտներին:
«Ապացույցները ձեռքիս թակել եմ իրավասու բոլոր մարմինների դռները, գործը հասել է Քննչական կոմիտե ու կանգ առել», - ասում է երեխայի մայրը:
Մեկ տարի անց դատաբժշկական փորձաքննությունը եզրահանգել է՝ երեխան ենթարկվել է բուլինգի, բայց հիմա, ըստ մոր, այդ փորձաքննությունը նորից պետք է փորձաքննվի:
«Քննիչը պատճառաբանում է, որ առաջին անգամ կային հարցեր, որը չի ուղղել փորձագետին: Երեխային անիմաստ սթրեսի են ենթարկում», - նշեց մայրը:
Հայաստանում բուլինգը չի քրեականացվում, այն իրավապահների սեղաններին է հայտնվում միայն այն դեպքում, երբ կան ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ծանր տառապանքի հոդվածը նկարագրող հատկանիշներ: Իրավապահները նաև առանձին վիճակագրություն չունեն բուլինգի վերաբերյալ: