Հեղափոխության պահապանների հրամանատարը հերքում է Իրանի ներգրավվածությունը Եմենի որոշումներում

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամի, արխիվ

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հերքել է Միացյալ Նահանգների պնդումը Եմենի կողմից որոշումների ընդունման և պետական քաղաքականության մեջ Թեհրանի ներգրավվածության մասին։

«Մենք մշտապես հայտարարել ենք և այսօր ևս հայտարարում ենք, որ եմենցիներն անկախ և ազատ պետություն են սեփական երկրում՝ անկախ պետական քաղաքականությամբ», - IRNA գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Սալամին՝ արձագանքելով Եմենի հութիներին ուղղված ավիահարվածներից առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին արած զգուշացմանը։

Իրանցի գեներալը վստահեցրել է, որ պաշտոնական Թեհրանը միշտ բացահայտ ստանձնում է իր որևէ գործողության համար ամբողջական պատասխանատվությունը։

Իրանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է նաև, որ Եմենի կառավարության տվյալներով՝ ամերիկյան ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս 101 մարդ վիրավորվել է։ Այդ տվյալները հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրների օգնությամբ։

Միացյալ Նահանգների զինված ուժերը երեկ լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկել Եմենում հութիների դեմ