300 հազար դրամ տուգանք՝ Արտաշատի և Հրազդանի քաղաքապետերին

Հրազդանի և Արտաշատի քաղաքապետերը՝ Սևակ Միքայելյանը և Կառլեն Մկրտչյանը

300 հազար դրամ տուգանք. այս գումարը բավարար է, որ բյուջեի փողերով հարազատներին տարբեր պատվերներ տվող համայնքների ղեկավարները ոչ միայն ազատվեն պատասխանատվությունից, այլև շարունակեն խախտել օրենքը։

Այս տուգանքը չի նախատեսում գործարքների չեղարկում և չի փաստում, որ կա շահերի բախում։

«Հետք»-ը պարզել է, որ Հրազդանի, Արտաշատի համայնքապետերը տուգանվել են, քանի որ բարեկամների, մտերիմների հետ կնքվող գործարքների, այսինքն՝ շահերի հնարավոր բախման մասին տեղյակ չեն պահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

«Ծիծաղելի է նախ գումարի չափը և այն իրավիճակը, որում հայտնվում են տվյալ պաշտոնյաները, որովհետև դա որևէ կանխարգելիչ գործառույթ իրենից չի ներկայացնում, և նույն պաշտոնյաները կարող են պարբերաբար գործարքներ կնքել իրենց մերձավորների հետ, ընդամենը վերջում տուգանվեն 300 հազար դրամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց հետաքննության հեղինակ Գրիշա Բալասանյանը։

Նա շեշտում է՝ համայնքների ղեկավարները մինչև գործարքը պետք է դիմեին հանձնաժողովին, որն էլ եթե պարզեր, որ շահերի բախում կա, դրանք չպետք է կնքվեին։ Նույնն ասաց նաև հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։

«Ինքը մինչև պայմանագրի ստորագրումը պետք է հանձնաժողովին տեղեկացներ, որ ի պաշտոնե պետք է նման գործողություն իրականացնի և սպասեր, մինչև հանձնաժողովն իրեն առաջարկություն տար ինչ անել մինչև պայմանագրի ստորագրումը։ Հետո որ դեպքը կուսումնասիրեին, եթե շահերի բախում լիներ, մենք, բնականաբար, իրեն կառաջարկեինք ձեռնպահ մնալ այդ պայմանագրի ստորագրումից», - ասաց նա։

Սակայն, իշխող թիմի քաղաքապետերը լռել են, արդյունքում հարազատներին միլիոնավոր դրամների պետական պատվերներ են տվել տվել։ Թե՛ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, թե՛ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը հրաժարվեցին «Ազատության» հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով զբաղվածությունը։ Հանձնաժողովին, սակայն, հայտնել են՝ ոչ մի խախտում էլ չեն արել։ Երկուսն էլ ի պաշտոնե պարտավոր էին ստորագրել արդեն հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված ընկերությունների հետ պայմանագրերը։

Այս գործարքներում 300 հազար դրամ տուգանքը չնչին է. լրագրող

Այս գործարքներում 300 հազար դրամը չնչին է, ասում է Բալասանյանն ու պնդում՝ ավելին, չի կանխի հետագա խախտումները, կգերադասեն տուգանվել ու շարունակել նույն տեմպով բյուջեի փողերը փոխանցել հարազատներին։

«Նույնը եղել է և՛ Թալինի համայնքապետի դեպքում, որ գնումներ էր կատարել հոր և հորեղբոր ընկերությունից, Արտաշատի համայնքապետարանի դեպքում է եղել, Հրազդանի համայնքի ղեկավարի դեպքում է եղել, որ պայմանագրեր է կնքել եղբոր ընկերության հետ, Սյունիքի Տեղ համայնքում է եղել։ Այսինքն՝ դա պարբերաբար կրկնվող վարքագիծ է դարձել պաշտոնյաների մոտ», - նկատեց Գրիշա Բալասանյանը։

Լրագրողը պարզել է, որ Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների գազը գնել է համայնքի ՔՊ-ական ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից։ Գործարքի շնորհիվ համայնքապետի եղբայրը 156 միլիոն դրամ է ստացել երեք տարվա համար։ Սևակն ու Մեխակը ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի որդիներն են։

Արտաշատի իշխանական ղեկավարն էլ հետ չի մնացել՝ նրա թիմակից, ավագանու իշխանական անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը 723 միլիոն դրամի պատվեր է ստացել ճանապարհների նորոգման համար։

«Յուրաքանչյուր դեպքով պետք է կատարվի պատշաճ քննություն և հասկանալ նախ՝ արդյոք առաջարկված գինը շուկայական գին է, այլ ոչ թե բարձր, դրանով արդյոք համայնքին վնաս չի պատճառվել, նոր դրանից հետո տալ քրեաիրավական որակում», - ասաց լրագրողը, շարունակելով, - «Միանշանակ կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետև չեմ կարծում, որ այն ընկերությունները, որոնց հետ համայնքի ղեկավարները կնքել են պայմանագրեր, միակն են և բացառիկ, և չկային այլ ընկերություններ, որոնք կարող էին բացառել նույն ծառայությունները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շահերի բախո՞ւմ է, թե՞ ոչ. փոխնախարարի կինն աշխատում է նրա համակարգած ներդրումային ծրագրում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի տուգանել Պապիկյանի տիկնոջը

Վերջերս նման մի տուգանքի էր արժանացել նաև Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որը, ըստ էության, համայնքի հողը վաճառել էր սկեսուրին։ Այս դեպքով նույնիսկ քրեական գործ է հարուցվել, բայց մեղադրյալ չկա։

Սին են այն հայտարարությունները, թե մենք իրականում պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Գրիշա Բալասանյան

«Սին են այն հայտարարությունները, թե մենք իրականում պայքարում ենք կոռուպցիայի դեմ, իրականում կոռուպցիայի դեմ պայքարելու համար որևէ բավարար ջանք և ջանասիրություն չի ցուցաբերվում, որպեսզի այդ երևույթն արմատախիլ արվի, որովհետև դա ունի նաև քաղաքական հիմքեր՝ այդ պաշտոնյաները կուսակցական են և ունեն քաղաքական կապեր, հետևաբար այդ առումով դառնում են անձեռնմխելի», - նկատեց Գրիշա Բալասանյանը։

Նա հայացք է գցում ոչ վաղ անցյալ՝ Փաշինյանի իշխանությունից առաջվա շրջանի վրա ու պնդում՝ փաստացի այս հարցում որևէ տարբերություն նախկինների ու ներկաների միջև չկա. - «Միայն փոխվել են անձինք, դերակատարները, բայց երևույթները մնացել են նույնը և նորանոր դրսևորումներով են ի հայտ գալիս»։

Հայտնի չէ՝ արդյո՞ք հետաքննող լրագրողի այս բացահայտումը քննում են իրավապահները, դատախազությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Պարզ չէ նաև՝ արդյո՞ք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում է, որ պարզի՝ արդյոք Հրազդանի ու Արտաշատի քաղաքապետերի գործարքներում կա շահերի բախում։ Նրանք ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։