Ընդամենը տասն օրից՝ սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդները կսկսեն հարկեր վճարել։ Այս մասին նրանք արդեն լսել են.
«Հայոց հարցը սաղ լուծել են, կպել են տաքսիստների՞ն: Թողեք թող մարդիկ ապրեն, էլի: Մի էրկու կոպեկ փող են առնում էթում են տուն, հմի կեսն էլ տանք իրա՞նց: Կալոդկա ա մաշում, պակռիշկա ա մաշում, յուղ փոխելու վախտ ա գալիս, հազար հարց ա լնում: Մի ընտանիք էլ էս ա, որ պտի կարենաս պահես, աշխատեմ կեսը տամ իրա՞նց», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի վարորդ՝ շարունակելով. - «Հեղուկ գազը դառել ա բենզինի գին, հիմա ես մտնեմ Yandex կամ gg քշեմ, մինիմալը 300-400 դրամ ա, սկի գազի փող չեմ կարա ես առնեմ, որ գազ լցեմ, էդ էլ տամ իրա՞նց»:
Վարորդների մի մասին մտահոգում է 1.5 -2 տոկոսի տուրքը, որը կսկսեն վճարել սեպտեմբերի 1-ից։ Ասում են՝ եթե վառելիքը թանկացած չլիներ, հարց չկա, սիրով կվճարեին. - «Հեղուկ գազը դառել ա բենզինի գին: Օդ գազ էր, տարանք փոխինք հեղուկ՝ 80 հազար փող տվեցինք փոխինք հեղուկ, մեր էղած բալոնը տվինք իրանց, հմի նորից պտի էթանք 80 հազար տանք, որ հետ դնենք օդ գազը: Հիմա հաճախորդը գալիս ա ասում ա Մասիվ, ասում եմ՝ 2000, ասում ա թանկ ա: Բա թանկ ա՝ ես հո ձեր համար չեմ էկել՝ ձեզի տեղափոխեմ, տուն եմ պահում չէ՞, մի բան էլ մենք պտի տանենք տուն»:
Կառավարության նիստին այսօր թեման երկար քննարկվեց, վարչապետ Փաշինյանի առաջարկն էր վարորդների համար վարչարարությունը հնարավորինս պարզեցնելը:
«Տենց պարտադիր պահանջ ունե՞նք, պարոն Բադասյան, որ պետք ա ԱՁ լինի», - հարցրեց վարչապետը Պետեկամուտների կոմիտեի նախագահին:
«Հարկ վճարողի կոդ, հաշվառման համար պետք ա ստանա... », - հնչեց պատասխանը:
«Դե հիմա Բադասյանն ասում ա, որ երբ որ էդ հավելվածը քաշում ա, ինքը արդեն ստանում ա էդ կոդը, չէ՞», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը:
«Այո, եթե մարդը դիմել ա պլատֆորմ, կամ պլատֆորմը դիմել ա հարկային, ստացել ա», - պատասխանեց Ռուստամ Բադասյանը:
«Մարդ ա, էդ հավելվածը ներբեռնեց՝ սեպտեմբերի 1-ն ա, հավելվածը ներբեռնեց, ինքը ստանում ա՞, Դուք ասեցիք՝ գեներացնում ա հարկ վճարողի կոդ», - ասաց վարչապետը:
«Այո», - արձագանքեց ՊԵԿ նախագահը:
«Բա մենք էլ ուրիշ ի՞նչ ենք ուզում էդ մարդուց», - հարցրեց Փաշինյանը:
«Լիազոր մարմինը ունի կարգավորումներ...», - արձագանքեց Բադասյանը:
Խոսքը հատուկ հավելվածի մասին է. չնայած տասն օրից վարորդները պետք է արդեն հարկվեն, բայց հավելվածը դեռ հասանելի չէ, այն հնարավոր կլինի ներբեռնել սեպտեմբերի 1-ից՝ հենց հարկման օրվանից։ Դրա միջոցով անհատ տաքսու վարորդները կգեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ, իսկ տաքսու օնլայն հարթակները՝ gg-ն, Yandex-ն ու մյուսները, դա կանեն վարորդների փոխարեն։ Սրանից բացի, արդեն գործող կարգավորումներով` անհատ վարորդները կամ տաքսու փոքր ծառայությունները պետք է ունենան նաև հատուկ լիցենզիա, Փաշինյանն առաջարկում էր դա վերանայել։
«Ավելի խորը մասնագիտական արժի քննարկել լիազոր մարմնի հետ», - ասաց ՊԵԿ նախագահը:
«Որովհետև, հասկանում ե՞ք, մեծ հաշվով՝ անհատ տաքսին, ինչ էլ ասենք, ամենայն հարգանքով՝ ինքը բիզնեսի առնվազն անկում ապրող տեսակ ա, այսինքն՝ X պահի չի լինելու՝ բոլորն օգտվում են էլեկտրոնային հարթակներից, և այլն, և այլն: Հիմա եթե էս կարգավորումը անենք, իսկ դա կարևոր կարգավորում ա, որ հարկային դաշտում քաղաքացին գործի, էն մի կարգավորումն էլ հանենք: Եթե հինգ մեքենա ա օգտագործում, 10, 20, 30, էդ հասկացա, բայց մի մեքենայի պարագայում ինչի՞ ենք անում», - ընդգծեց վարչապետը:
Մինչ այդ, վարորդներից շատերն իրենք էին ասում՝ եթե պետք է վարչարարությունն ավելանա, կնախընտրեն պարզապես միանալ տաքսու օնլայն հարթակներին. - «Ամսի 1-ից էլ ո՞վ ա անհատ քշելու որ: Դե ձեռ չի տա, իհարկե»:
Վարորդների խոսքով՝ հարկային մարմինների համար իրենք հարմար փորձադաշտ են՝ դեղին համարներից մինչև ՀԴՄ-ով հաշվիչներ, հարկման տարբեր եղանակներ նախկինում էլ եղել են, կարևորը՝ գլխացավանք չդառնան.
«Էն վախտ ես ունեցել եմ դեղին համարներ, մեքենայի մեջ հաշվիչ եմ ունեցել, կտրոն եմ տվել: Հետո չիրագործեցին իրանց հանած օրենքը, ստիպված մենք սաղ հետ տվինք, ԱՁ-ներն էլ հետ տվեցինք, հետո էդ ԱՁ-ների համար լիքը տուգանքներ էկան վրներս, հետ էինք տվել, բայց հա տուգանք էր գալիս, մինչև հիմա էլ տուգանք ա գալիս՝ փակել ենք, բայց հլը տուգանք ա գալիս»:
Ամեն դեպքում, սեպտեմբերին կփորձեն ներբեռնել հավելվածը, շատերի մոտ միգուցե ստացվի, բայց տարեց վարորդներ էլ կան։
«Ես կարամ քաշեմ, հասկանում եմ էլ, ասենք, էս գործողությունները, բայց լիքը մարդիկ կան, որ հեռախոսից չեն հասկանում, էդ մարդը ո՞նց օգտագործի էդ հեռախոսը՝ էնքան կնայի հեռախոսին, կէթա կխփի դեմի ավտոյին», - ասաց մի վարորդ՝ առաջարկելով. - «Թո էթան ավելի կարևոր հարցեր կա լուծելու էս երկրում, ոչ թե գան կպնեն տաքսիստներին»:
Սեպտեմբերի 1-ից, շարունակեց նա, «գալու ենք կայնենք քշենք ստեղ, ոնց քշել ենք, 20 տարի ա՝ էս մեր աշխատանքային վայրն ա, գալու ենք կայնենք, քշենք, ո՞վ ա գալու մեզ բան ասի, հլը թող գան ասեն»:
Հայաստանում տաքսու էլեկտրոնային հարթակներում մոտ 45 հազար գրանցված վարորդ ու մեքենա կա։ Այժմ դեռ պարզ չէ՝ սեպտեմբերի 1-ից ավելացող հարկը վարոդներն իրենց եկամտի՞ց, թե՞ տաքսու օնլայն ծառայություններն իրենց գրպանից են վճարելու, և արդյոք այս ամենի արդյունքում կբարձրանան տաքսու գները Հայաստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաքսիստները դժգոհում են սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներից