Հայկական առաջին արբանյակի քրեական սկանդալից մանրամասներ չկան. նախարարը հակադարձում է իսպանացիներին

2022-ից տիեզերքում գտնվող հայկական առաջին արբանյակի քրեական գործից երկու ամիս անց էլ իրավապահները մանրամասներ չեն հայտնում. այն գաղտնի է քննվում, ենթադրվում է՝ նաև այն պատճառով, որ առնչվում է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, որն այն ժամանակ ղեկավարում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Նախագահը մինչև հիմա հրապարակային չի անդրադարձել Armsat -1-ի շուրջ ծագած քրեական սկանդալին։ Իսկ գործող նախարար Մխիթար Հայրապետյանը պնդում է, թե մանրամասներին տեղյակ չէ. - «Վերջնարդյունքում կարող է պարզվի, որ գործը կարճվում է տարբեր պատճառներով, հետևաբար այս պահին հավելյալ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական գործ հայկական առաջին արբանյակի հարցով. պարզ չէ՝ արդյոք հարցաքննվել է ՀՀ նախագահը

Նախարարը միայն ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունից որևէ մեկին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության չի կանչել: Իրավապահներն, իրենց հերթին, չեն էլ բացահայտում, թե կոնկրետ ի՞նչ հոդվածով է հարուցված գործն ու արդյոք հարցաքննե՞լ են նախագահ Խաչատուրյանին, ի՞նչ ենթադրյալ չարաշահումներ են քննում։

Հայրապետյանը պնդում է՝ Armsat-1-ը տիեզերքում է, աշխատում է այնպես, ինչպես և պլանավորել էին: Նախարարը երկու ամիս առաջ X-ի իր էջում հրապարակել էր արբանյակից արված չորս ոչ բարձր որակի լուսանկար. - «Այնտեղ երևում են, թե ինչ տեսակի պատկերներ մենք արբանյակի միջոցով կարող ենք ստանալ, այս իմաստով որևէ թաքցնելու բան չկա»:

Հայրապետյանը հաստատեց, որ այս ծրագրի վրա ծախսվել է 7 միլիոն դոլար։

«Armsat-1 արբանյակի ձեռքբերումն ի սկզբանե նշանակել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր առաջին քայլերն է անում տիեզերական ոլորտում իր մասնակցությունն ունենալու, իր տեղն ամրագրելու, կարողություններ ու գիտելիքներ հավաքագրելու առումով», - ասաց նա:

Ամիսներ առաջ «Ազատության» հետ զրույցում հայկական գործընկերոջը քննադատել էր արբանյակը վաճառած իսպանական «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանը: Պնդել էր, թե դրա հավաքած հսկայական տվյալները նպատակային չեն օգտագործվում:

«Օրինակ՝ մարդկանց մի խումբ կա, որ հետաքրքրված է Սևանա լճի և մայրցամաքային այլ ջրերի որակով, մեկ այլ խումբ հետաքրքրված է ճանապարհների մոնիթորինգով և այլն: Պետք է այդ տվյալները ի շահ երկրի օգտագործվեն: Այլապես ասել, թե՝ դե, գնում են այդ տվյալները սերվեր ու պահվում այնտեղ, դրանով բան չի փոխվում», - ասել էր «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրենը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական առաջին արբանյակի շուրջ քրեական գործի ու յուրացումների լուրեր են պտտվում

Նախարարը հակադարձում է՝ վերջին երկու տարիներին շատ լուսանկարներ են արվել, իսկ թե այդ տեղեկատվությունն ինչպե՞ս և ո՞ր ոլորտներում են օգտագործել ու օգտագործում, դա իսպանացիների գործը չէ, տվյալները գաղտնի են. - «Ընդհանրապես ինչո՞ւ պետք է իսպանական արբանյակը Հայաստանի Հանրապետությանը վաճառած ընկերության ներկայացուցիչները տեղեկացված լինեն, թե դրանք ինչ նպատակով են օգտագործվում»:

Վարչապետ Փաշինյանն էր 2022-ին հայտարարել, որ արբանյակի արած լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ոլորտներում: Անգամ նշվել էր, որ այն կարող են օգտագործել նաև սահմանազատման ժամանակ: Նախարարը, սակայն, չհստակեցրեց՝ արդյոք օգտվե՞լ են արբանյակից գարնանը Տավուշ-Ղազախ հատված սահմանազատման ժամանակ, ընդհանուր առմամբ՝ Մխիթար Հայրապետյանն ընդունում էր, որ արբանյակից շատ մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ։

«Armsat-1-ը չէր կարող մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով բոլոր խնդիրները հասցեագրել, առավել ևս լուծել, սակայն այն տվեց մեզ լավ հնարավորություն՝ սովորելու, թե ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունն ունենալ տարբեր ուղեծիրներում և ինչպես դրանք կառավարել», - ընդգծեց նախարարը:

Հայրապետյանը պարզաբանում է՝ իսպանական «Սատլանտիս»-ի հետ գործարքի համաձայն՝ Հայաստանը պետք է գներ արբանյակը, կառուցվեր երկրային կայան, մասնագետները պետք է վերապատրաստվեին: Ըստ նրա՝ սա արվել է։ 2022-ից ուղեծիր արձակված արբանյակը սկզբում կառավարվում էր հենց իսպանացիների կողմից, բայց հայաստանցի մասնագետների վերապատրաստումից հետո արդեն 2024-ին դրա ողջ կառավարումն անցել է հայկական կողմին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով՝ Armsat-1-ն առաջին քայլերն է տիեզերքում անում, և Հայաստանը պետք է մտածի զարգացնել այս ուղղությունը՝ տեսալուսանկարահանող արբանյակներից անցնելով կապի արբանյակներին:

Armsat -1-ը 4 տարով է արձակվել տիեզերք։ Առաջին հայկական արբանյակն այժմ իր գոյության վերջին փուլում է։