Հայաստանը այսօր՝ հուլիսի 1-ին ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նախագահությունը, ինչի կապակցությամբ Երևան է ժամանել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը:
Արարատ Միրզոյանը Լազար Կոմենսկու հետ քննարկել է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մենք հավատացած ենք, որ փոխկապակցվածությունը և մեր կազմակերպության շրջանակներում, անդամ երկրների միջև համագործակցությունը ոչ միայն մեծապես, շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը, բայց նաև դա կդառնա նաև ավելի լայն տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն: Ուստի, փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումն, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաև կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, և այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա»:
ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին այսօր ընդունել է նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:
ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018 թվականի առաջին կեսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը