Ադրբեջանը կրկին հայտարարում է, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»։ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին այս անգամ էլ խոսել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա նշել է, որ Հայաստանը հրաժարվում է ճանաչել նոր իրողությունները և շարունակում է «չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն գնով փաստաթուղթ կնքել»։ Սա, նրա խոսքով, միայն ավելի է խորացնում խնդիրը՝ չանդրադառնալով հակամարտության բուն պատճառին։
Հայաստանի արտգործնախարարությունը ուրբաթ հայտարարեց, որ պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից և խաղաղության օրակարգից:
Երևանը բազմիցս հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։
Իլհամ Ալիևի ներկայացուցիչը շարունակել է, թե Բաքվի խնդիրն է ապահովել, որ ապագա խաղաղության պայմանագիրը բացառի ցանկացած տարածքային հավակնություն, ագրեսիա կամ ռազմական գործողություններ, նույնիսկ տեսական մակարդակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ