Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու մասին․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև

Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ո՛չ, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը», - ասել է Սերգեյ Լեբեդևը։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը նախ ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանից հնչող հայտարարություններին, ապա ընդգծել․ - «Բայց հետո ասվեց՝ ես սա արձանագրեցի, որ ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունը։ Ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»։

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման փուլում Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը կարևորել էր ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով՝ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։

Հայաստանը հունվարի 1-ից՝ մեկ տարով ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Զախարովայի՝ Հայաստանը նշանակալից դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից