Հայաստանի անկախության մակարդակն օր օրի աճում է. վարչապետ

Հայաստանի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ, Անկախության տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է՝ այս գործընթացում եղել են սխալներ, ձախողումներ, բայց հավելել է. - «2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»։

Ըստ վարչապետի՝ կարևոր է տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:

Ավելի վաղ՝ առավոտյան, իր աշխատասենյակից Նիկոլ Փաշինյանը, ցուցադրելով հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, հիշեցրեց անկախության հանրաքվեի մասին։

Հայաստանն այսօր տոնում է Անկախության 33-րդ տարեդարձը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նշում է Անկախության օրը