Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում Երևանը 2 միավորով բարելավել է դիրքերը՝ 100 նիշից ստանալով 74։
Տարածաշրջանում նույն ցուցանիշն է գրանցել նաև մյուս ազատ երկիրը՝ Վրաստանը, Թբիլիսին, սակայն, անցած տարվա համեմատությամբ երկու միավորի հետընթաց է գրանցել։ Մինչդեռ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը շեշտակի ցածր միավորներով նորից ոչ ազատ պետությունների ցուցակում են։
Freedom House-ը թեև շեշտում է, որ Հայաստանի ինտերնետ միջավայրը մնում է բաց և անգամ բարելավվում է, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները, սակայն իրավապաշտպան կառույցը միաժամանակ նկատում է, որ ինտերնետային ելույթներում Կառավարությանը քննադատելու պատճառով գործիչներ են կալանավորվել։
Զեկույցում, մասնավորապես, հիշատակվում է Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի երկամսյա նախնական կալանքը, օնլայն հաղորդման ժամանակ նրանք քննադատել էին վարչապետ Փաշինյանին։ Նշվում է, որ Քննչական կոմիտեն Սաղաթելյանին և Սամսոնյանին խուլիգանության մեղադրանք է առաջադրել, քանի որ եթերում հայհոյանքներով նրանք բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։ Բայց Freedom House-ը նաև հիշեցնում է, որ ամերիկյան հեղինակավոր The Atlantic Council վերլուծական կենտրոնը այս հաղորդումն անվանել է կողմնակալ և սուտ տեղեկություններ տարածող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոռուպցիա, հնուց եկած բարքեր». իրավապաշտպաններին ոստիկանությունում հակադարձում են՝ համակարգը բարեփոխվում էFreedom House-ը այս տարվա զեկույցում նաև գրում է, որ մարդիկ Հայաստանում հաճախ թիրախավորվել են հաքերային լրտեսական ծրագրերով, իսկ Կառավարական և քաղհասարակության կայքերը հարձակումների են ենթարկվել ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի հաքերային խմբերի կողմից՝ չթաքցնելով, որ դժգոհ են Երևանի արտաքին քաղաքականությունից, որը միտված է Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը։
Նկարագրելով քաղաքական միջավայրը Freedom House-ն ընդգծում է, որ Հայաստանը զգալի տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումների պատճառով։ Զեկույցը հիշեցնում է 2023-ի սեպտեմբերը, երբ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությունը, որը Ադրբեջանից փաստացի անկախություն ուներ շուրջ երեք տասնամյակ, բռնի տեղահանվեց Հայաստան։
Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ ադրբեջանական զինուժը ջախջախեց տեղական պաշտպանական ուժերը և լիովին վերահսկեց տարածքը՝ հանգեցնելով բռնի տեղահանության։
Freedom House-ը նաև տարեկան զեկույցներ է հրապարակում պետություններում ընդհանուր ազատության մասին, այստեղ արդեն Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ երկրների շարքում են՝ թեև շեշտվում է, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական լանդշաֆտը փոխվել է, ընտրությունները զգալիորեն ավելի մրցակցային են դարձել։