Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը, բայց ոչ անկախությունը։ Պաշտոնական Երևանը հաստատում է՝ Պրիշտինայի հետ համաձայնել են փոխադարձաբար նախատեսել միմյանց անձնագրերով վիզա ստանալու հնարավորությունը։
Անցած շաբաթավերջին Կոսովոյի արտաքին գործերի նախարարությունն էր տեղեկացրել, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ հանրային, դիվանագիտական և ծառայողական։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը, որ այս մասին պաշտոնական հայտարարություն չէր արել, շեշտում է՝ Երևանն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը՝ առանց այդ երկրի անկախությունը ճանաչելու։
«Հայաստանի Հանրապետության և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով, քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում», - գրել են արտաքին գերատեսչությունից՝ ի պատասխան «Ազատության» հարցման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը, բայց դա չի նշանակում պետության ճանաչումԻնչո՞ւ հիմա, և արդյո՞ք Կոսովոյի հետ զբոսաշրջային կապերն ու մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու համար է Երևանը ճանաչել Կոսովոյի անձնագրերը։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը կարծում է՝ այդ քայլին գնալու համար Երևանը մի քանի պատճառ է ունեցել, առաջինը Սերբիայի ադրբեջանամետ քաղաքականությունն է։
«Ամենաառաջին և ակնհայտ շերտը դա որոշակի լարումն է Հայաստանի և Սերբիայի միջև, որը արդյունք է նրա, որ Սերբիան սկսել է վերջերս վարել բավականին պրոադրբեջանական քաղաքականություն, և խոսքը չի գնում միայն զենքի գնումների մասին, այլ նաև, օրինակի համար, քաղաքական աջակցության, էներգետիկ ենթակառուցվածքներով ներգրավվածության, և այլն, և այլնի մասին: Ու սա որոշակի քայլ է՝ ցույց տալու համար Երևանի տրամադրվածությունը այս հարցում, ու հնարավոր քաղաքականության շարունակություն է ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչինյանը:
Բելգրադը չի թաքցնում՝ սպառազինություն է վաճառել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին։ Բայց այդ երկրի նախագահը 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ ընդունել էր՝ Ադրբեջանին վաճառված զենքի ծավալը տասնապատիկ ավելի է Հայաստանին վաճառվածից։ Անցած ամռանն էլ Ալեքսանդր Վուչիչը հաստատել էր Ադրբեջանին միլիոնավոր դոլարների զենք մատարարարելու մասին լուրերը։ Մամուլը գրել էր, որ Սերբիան 340 միլիոն դոլարի 48 Nora B-52 NG ինքնագնաց հաուբից վաճառելու մասին համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի հետ։
«Հայկական կողմի խնդիրն է, որ ցույց տա իր կողմից անընդունելի, ըստ էության, արտաքին քաղաքականությունը, որ Սերբիան վարում է, ընդգծի դա: Եվ ես կարծում եմ, որ նմանատիպ քաղաքականություն պետք է վարել նաև մնացած բոլոր հարցերում, ինչպես, օրինակ, Ադրբեջանն է գործիքայնացրել զենքի առուվաճառքի ընդհանրապես ամբողջ խոսակցությունը, փորձում է բոլոր կողմերի հետ խոսակցության մաս դարձնել Հայաստանին զենքի առուվաճառքը, նույն կերպ պետք է դա անի Հայաստանը, և ցանկացած պետություն, որը Ադրբեջանին զենք է վաճառում, պետք է իր մեջքին զգա լարում, իր մեջքի վրա ճնշում», - ընդգծեց Արեգ Քոչինյանը:
Կոսովոն Սերբիայից անկախացել է 2008 թվականին։ Պրիշտինայի անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ երկրներ։ Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։
Քաղաքագետի խոսքով՝ Կոսովոյի անձնագրերի ճանաչումը նաև Երևանի նոր քաղաքականության տրամաբանության մեջ է։
«Նոր արտաքին քաղաքական գիծը, որը որ Հայաստանը սկսել է վարել՝ դիվերսիֆիկացիայի արտաքին քաղաքականությունը, ինքը նաև ենթադրում է բազմաթիվ հարցերում նոր դիրքորոշումներ, բազմաթիվ հարցերում նոր մոտեցումներ, որոնք որ նախկին ճարտարապետության մեջ պայմանավորված են եղել ռուսական մոտեցումներով, հիմա դրանք, կարծում եմ, պետք է փոխվեն և փոխվում են», - ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահը:
Իսկ Բելգրադն ու Բաքուն շարունակում են շեշտել հարաբերությունների բացառիկությունը։ Երեկ Սերբիայի մայրաքաղաքում էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ մասնակցելու դեսպանների համաժողովին։ Ջեյհուն Բայրամովը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Սերբիայի նախագահի հետ։ Ալեքսանդր Վուչիչն այդ հանդիպումից հետո Ինստագրամում գրել է, որ Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Սերբիայի վրա՝ որպես անկեղծ բարեկամ և պատասխանատու գործընկեր։ Շեշտել է՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել ռազմաարդյունաբերական համագործակցությանը։