Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը, բայց դա չի նշանակում պետության ճանաչում

Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն, «Ազատության»-ը փոխանցեցին Արտգործնախարարությունից։

Ավելի վաղ Կոսովոյի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին X-ում գրել էր, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ հանրային, դիվանագիտական և ծառայողական։

Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշեցին. «ՀՀ-ի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով, քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում»:

ԱԳՆ-ից շեշտեցին որ այս առումով Երևանն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման:

Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին։ Պրիշտինայի անկախությունը ճանաչել են ավելի քան 100 պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ երկրներ։ Սակայն, մի շարք երկրներ, այդ թվում՝ Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։