Կազանում կայանալիք BRICS-ի (ԲՐԻԿՍ) գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նախօրեին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր Հայաստանի մասնակցությունը ինչպես BRICS-ի գագաթնաժողովին, այնպես էլ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն չէր նշել ինչ մակարդակով:
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) ամենամյա գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
Գագաթնաժողովին մասնակցելու է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այսօր տեղեկությունը հաստատել է թուրքական Haberturk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռեջեփ Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրներին։
«Bloomberg»-ն օրերս գրել էր, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմել է BRICS-ին (ԲՐԻՔՍ) անդամակցելու համար։ Անկարան ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այդ լուրը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հաստատել է, որ հոկտեմբերին կայանալիք հավաքին հրավիրված է նաև Իլհամ Ալիևը։ Բաքուն դեռ չի հաստատել Ադրբեջանի նախագահի սպասվող այցը։ Ադրբեջանը BRICS-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական և BRICS-ի գագաթնաժողովներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընդունել է BRICS -ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը