Հայաստանը 2026թ. հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, հայտնել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը 65 ձայնով ընտրվել է որպես 17-րդ համաժողովի հյուրընկալ։
Հայտնի է, որ Ադրբեջանը ևս դիմել էր՝ համաժողովը հյուրընկալելու։
Օրեր առաջ Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը համաժողովի ժամանակ ասել է, որ COP17-ի անցկացումը Հայաստանում կլինի հիանալի հնարավորություն՝ առաջ մղելու բազմակողմ ջանքերը գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության համար։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը ոչ մի ջանք չի խնայի՝ ապահովելու, որ համաժողովը դառնա ևս մեկ կարևոր ուղենիշ գլոբալ ջանքերում՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։
- ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
- Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։