Հայաստանում Իրանի դեսպանն ընդգծել է Սյունիքի մարզի անվտանգության կարևորությունը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի, արխիվ

Իրանական կողմի համար կարևոր է Սյունիքի մարզի անվտանգությունը, SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Դա ռազմավարական շրջան է, որը մեծ դեր ունի անվտանգության և առևտրի ապահովման համար Իրանի և Հայաստանի միջև։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստել է սահմանային հաղորդակցության բարելավմանը», - ընդգծել է նա։

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2022-ի հոկտեմբերի 21-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սյունիքի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում․ Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին նաև ասել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կհանդիպեն «3+3» ձևաչափի արտգործնախարարները։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։

2023-ի սեպտեմբերին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ռուսաստանի ու Իրանի նախագահները խոսեցին «3+3» հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։

2023-ի հոկտեմբերին Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի այնժամանակվա արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կրկին պնդեց, թե «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար՝ շեշտելով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։

Պաշտոնական Երևանն էլ հայտարարեց, որ պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ այնպես չստացվի, որ Հայաստանը տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում է հեռու տեղերում, և չի քննարկում այս տարածաշրջանում։ Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ժամանակին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի ունենա Թեհրանում: Երևանն, ըստ գործադիրի ղեկավարի, պատրաստ է, սակայն լրացուցիչ քննարկման հարցեր կան։

Հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին․ Փաշինյան