Հայաստանում հանցավորության վիճակը խորհրդարանի կիսադատարկ դահլիճում քննարկում էին երկրի ուժային կառույցների ղեկավարները՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Գլխավոր դատախազը, Ներքին գործերի նախարարը, Քննչական կոմիտեի ղեկավարը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։
«Ո՞ւր են մեր պատգամավորները», - հարցրեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Սա ինչպիսի՞ վերաբերմունք է ուժային, իրավապահ համակարգի ղեկավարների նկատմամբ, պարոնայք, տիկին դատախազ: Ես, անկեղծ ասած, ձեր փոխարեն վիրավորվում եմ», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հրավիրած լսումներին ներկա էր երկու տասնյակից էլ քիչ պատգամավոր, սակավաթիվ էին նաև ընդդիմադիրները։
Չնայած պատգամավորների բացակայությանը՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց իրավիճակին փիլիսոփայորեն մոտենալ:
«Ամբողջ բլոկը` ուժային, իրավապահի ամբողջ բլոկը էստեղ է, բայց չկան մարդիկ, ովքեր որ պետք է ծավալեին, ըստ էության, մեր հետ միասին, էս քննարկումը», - շարունակեց Խամոյանը:
Քոչարյանն արձագանքեց. - «Տիկին Խամոյան, Ձեր հարցը շատ հետաքրքիր հարց է: Ինչպես կան բացականեր աջ թևում, կան բացականեր ձախ թևում: Պատշաճ տեղեկացված են բոլորը: Քաղհասարակությունն էլ երևի ուշ է արթնացել: Դուք մեր ուժային կառույցի ղեկավարների փոխարեն մի վիրավորվեք, նրանք վիրավորված, կարծում եմ, չեն, դահլիճը լցնելու խնդիր չենք դրել, եթե ուզենայինք լցնեինք, դահլիճը լեփ-լեցուն կլիներ»:
Լսումների հիմնական զեկուցողներից ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրեց Հայաստանում հանցավորության վիճակը` տեղեկացնելով, որ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը կազմել է միջինը 58 տոկոս, ծանր հանցագործություններինը՝ ավելի քան 13 տոկոս։
Եթե 2019 թվականին ավելի քան 4 հազար դեպք է արձանագրվել, ապա 2023-ին ծանր հանցագործությունների թիվը գերազանցել է 6 հազարը, ինչը, ըստ նախարարի, պայմանավորված է նաև խոշոր չափերի թմրանյութերի իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի արձանագրմամբ։
«Հիմնական հանցատեսակներից աճել են սպանության դեպքերը՝ միջինում աճը 12.1 տոկոս, սպանության փորձը՝ միջինում աճը՝18.4 տոկոս, զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը՝ միջինում աճը՝ 15.6 տոկոս, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը՝ միջինում աճը՝ 13.9 տոկոս, խուլիգանություն՝ աճը՝ 23.2 տոկոս, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ միջինում աճը՝ 46.6 տոկոս», - այս տվյալները հրապարակեց Ղազարյանը՝ հավելելով. - «Առհասարակ, վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա»:
Ընդհանուր առմամբ, Վահե Ղազարյանն այսօր խորհրդարանի ամբիոնից փորձում էր բացատրել, թե ինչով է պայմանավորված հանցավորության աճը, թվարկելով տարբեր պատճառներ՝ օրինակ, որ Ոստիկանությունն այլևս չի թաքցում հանցագործությունները, «ինչը ևս հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է»:
Նախարարը պնդեց, թե հանցավորության աճին նպաստում է նաև այն հանգամանքը, երբ ձերբակալվածները դատարանի որոշմամբ չեն կալանավորվում, և հանցագործություն կատարած անձը ազատության մեջ մնալով կրկին հանցագործություն է կատարում. - «Բնակարանային գողություն կատարած անձը գրավի դիմաց ազատ է արձակվել, որից հետո կատարել է չորս բնակարանային գողություն»:
Հանցավորության աճին, ըստ նախարարի, նպաստում է նաև համաներումը, քանի որ, նշեց Ղազարյանը, վերլուծությունը ցույց է տալիս, որ համաներմամբ ազատ արձակված անձինք կրկին հանցանք են կատարում. - «Յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ»:
Անդրադառնալով թմրամիջոցներին, որոնց ապօրինի շրջանառությունն աճել է ավելի քան 46 տոկոսով, Ղազարյանն այս դեպքում էլ մատնանշեց Մեղրիի անցակետը, որտեղ, ըստ նրա, ոստիկանների գործողությունները սահմանափակված են։ Անցած հինգ տարիներին, ըստ նախարարի, հայտնաբերվել է 1 տոննա 220 կիլոգրամ թմրանյութ: «Միայն 2023-24 թվականներին հայտնաբերված 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 20 կիլոգրամը կամ 39 տոկոսը հայտնաբերվել է Ոստիկանության կողմից», - ասաց նախարարը:
Ագնեսա Խամոյանը հարցրեց՝ հունվարի 1-ից ռուսական սահմանապահ զորքերի փոխարեն Մեղրիի անցակետում ծառայություն են իրականացնելու Հայաստանի սահմանապահները, արդյո՞ք իրավիճակի փոփոխություն կլինի։ Հարցին նախարարի փոխարեն պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը. - «Հիմա հունվարից երբ որ ծառայության, անցակետը կանցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրինության տակ, բնականաբար՝ մեր հնարավորությունները բացահայտման կավելանան՝ թե՛ Ոստիկանության, թե՛ Ազգային անվտանգության ծառայության կողմից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իշխանությունը երկրի անցակետերում ավելացնում է Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչը. Անդրանիկ ՔոչարյանՌուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետիցՉշրջանցվեց նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ իրավապահ մարմինների աշխատակիցների ներգրավված լինելու ու նաև թմրանյութեր օգտագործող ոստիկանների հարցը։
Ներքին գործերի նախարարը վստահեցրեց՝ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, և ցանկացած ոստիկան մինչև ատեստացիա անցնելը պարտադիր պետք է թմրանյութի օգտագործման թեստ հանձնի։
«Թմրամիջոց օգտագործելու պատճառով մենք հեռացրել ենք համակարգից ընդհանուր 47 Ոստիկանության ծառայող», - հայտարարեց Վահե Ղազարյանը:
Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք նախարարը համաձայն չէ իր այն համոզմանը, որ առանց բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության թմրանյութերի ապօրինի շրջանառության աճ հնարավոր չէ։ Իշխանական պատգամավորը հերթով թվարկեց, թե ինչից հետո է այդ համոզմանը եկել. - «Կարդալով գրքեր, կինոնկարներ տեսնելով, նաև բեսեդկաներում, կներեք, զրույցների արդյունքում»:
«Նման ինֆորմացիա չունենք», - հարցին արձագանքեց ՆԳ նախարարը: