Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները

Հայաստանում Եվրամիության դիտորդները, արխիվ

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։

«Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետևելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել», - «Ազատությանը» հայտնել է առաքելության խոսնակ Աննա Պալմենը։

Երեկ ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։

Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելությունից շեշտում են. - «Անկողմնակալությունը մեր հիմնական սկզբունքն է և այն հստակ ամրագրված է մեր մանդատի մեջ»։

2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են սողոսկել Հարավային Կովկաս. ՌԴ նախագահի օգնական«Կցանկանայի հուսալ, որ շուտով երրորդն ավելորդ կլինի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում»․ ԶախարովաՄակրոնը վերահաստատում է անվերապահ աջակցությունը ՀայաստանինԲաքուն կոշտ քննադատություն է հնչեցնում պաշտոնական Բրյուսելի հասցեին