Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Դեսպանությունը նշում է, որ Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն», - ասված է հաղորդագրությունում։
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:
Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև Լեռնային Ղարաբաղին հարակից՝ հայկական ուժերի վերահսկած 7 շրջանների մնացյալ տարածքները:
Այսօր Ֆրանսիայի դեսպանն է նաև X-ում գրառում կատարել, մասնավորապես, նշելով․ - «Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների, ընկերների հետ են»․ Ֆրանսիայի դեսպան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցն է