Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը վերջին 14 օրվա ընթացքում հասել է 58-ի, նրանցից 41-ը հոսպիտալացված են, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է:
Բարդացման փուլում անգամ ուղեղում բորբոքում առաջացնող այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում: Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ, կամ ծանր հիվանդություններ ունեցողները:
Ախտանշանները թեթև դեպքում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Ծանր դեպքում՝ ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների ցավ ու թուլություն:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրեն Ստեփան Աթոյանի պնդմամբ՝ առողջ մարդիկ հիվանդությունը կարող են աննկատ տանել:
«Մարդը որևէ սուբյեկտիվ զգացողություններ չի ունենում, որպեսզի դիմի բուժօգնության: Ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով, դիտարկվում է մինչև 1 տոկոս դեպքերում: Հոսպիտալացված դեպքերն այս 1-2 տոկոսի մեջ են մտնում, որովհետև այդ 41 հոսպիտալացված դեպքերից ընդամենը 50 տոկոսի մոտ է արձանագրվում ուղեղային երևույթներ», - ասաց Աթոյանը:
Արևմտյան Նեղոսի տենդը պատվաստանյութ և հստակ բուժում չունի, միայն՝ ըստ ախտանշանների:
Տարածման պատճառներից է նաև գլոբալ տաքացումը, վարակված թռչունների միգրացիան, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն: Մոծակների բազմացման հիմնական միջավայրը հիմնականում ջրածածկ գոտիներն են: Մասնագետները հորդորում են, հատկապես այդպիսի տարածքում կրել փակ հագուստ, օգտագործել մոծակներից պաշտպանող քսուքներ, իսկ պատուհանները՝ ցանցապատել:
«Ինչպես գրեթե բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, այս հիվանդությունը նույնպես ունի սեզոնայնություն, ընդ որում՝ ընդգծված սեզոնայնություն: Հիմնական սեզոնը հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է: Առավել մեծ ակտիվություն, կախված ջերմաստիճանից ու բնակլիմայական պայմաններից, դիտվում է հուլիսի օգոստոս ընկած ժամանակահատվածում», - նշեց ՀՎԿԱԿ տնօրենը:
Ինչո՞ւ վարակի տարածման մասին ՀՎԿԱԿ-ը խոսեց միայն «Ազատության» անդրադարձից հետ
Ինչո՞ւ վարակի տարածման մասին ՀՎԿԱԿ-ը հրապարակավ խոսեց միայն «Ազատության» անդրադարձից հետո: Տնօրենն ասում է՝ հուլիսի վերջերին են պարզել, որ Արագածոտնի մարզում ստուգված մոծակներից 5-ը վարակված են, միանգամից շրջաբերականներ են ուղարկել բուժհաստատություններ:
«Որպեսզի նման կլինիկական պատկերով հիվանդներին, երբ որ չեն կողմնորոշվում, այլ ախտորոշում չեն կարողանում գտնել, անպայման մտածեն նաև Արևմտյան Նեղոսի տենդի մասին», - ընդգծեց Աթոյանը:
Օգոստոսի 7-ին հաստատվել է վարակվածության առաջին դեպքը, վարակված մարդը Արագածոտնի մարզից է: Բայց դրանից շուրջ տասն օր անց, ՀՎԿԱԿ-ն իր պաշտոնական էջում տեղադրել էր միայն «Ազատության» ռեպորտաժը, իսկ վարակից պաշտպանվելու մասին պաշտոնական տեղեկությամբ հանրությանն էր դիմել, հաստատված առաջին դեպքից 13 օր անց միայն:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանից հարցրինք՝ ինչո՞ւ, պատասխանեց՝ թաքցնելու միտում չի եղել, քանի որ Հայաստանում այն առաջին անգամ էր հայտնաբերվել, կրկնակի ստուգում էր պետք, բացի այդ՝ «հանրային առողջապահական միջազգային նորմերի մեջ կա նաև գործիք, որով գնահատվում է տվյալ հիվանդության հանրային առողջապահական ու նրա համաճարակային պոտենցիալի աստիճանը»:
«Առաջին իսկ գնահատականի դեպքում մեր մոտի տվյալներով Արևմտյան Նեղոսի տենդը չի համապատասխանել արտակարգ իրավիճակային ու հանրային առողջապահական կարևորության հիվանդության այս պահի դրությամբ և շարունակում է մնալ նույնիսկ այս 58 դեպքով: Այդ իսկ պատճառով հաշվի առնելով սկզբնական եզակի դեպքերը համարել ենք, որ դեռևս տեսնենք՝ ինչպիսի ընթացք է ընթանում, նոր, բնականաբար, հայտնենք, որովհետև սա կարող է լինել եզակի դեպքերի սահմանում, չէր բացառվում այդքանով սահմանափակվեինք: Բայց քանի որ եղավ զարգացում, բնականաբար, գտանք կարևոր, որ իրազեկենք հանրությանը», - ասաց Աթոյանը:
Ինչ վիրուսներ են այս պահին շրջանառվում Հայաստանում
Իսկ առհասարակ, այս պահին Հայաստանում շրջանառվում են հետևյալ վիրուսներն ու վարակները՝ կարմրուկ, կապույտ հազ, ջրծաղիկ, օմիկրոն, Արևմտյան Նեղոսի տենդ և սուր շնչառական վարակներ:
Թվարկվածներից միայն Արևմտյան Նեղոսի տենդը չունի պատվաստանյութ, մնացած բոլորի դեմ մարդիկ կարող են պատվաստվել իրենց պոլիկլինիկաներում: Այս տարվանից Հայաստանում կներդրվի նաև ջրծաղիկի դեմ պատվաստանյութը:
Բոլոր այս վարակները ծանր դեպքերում նաև ծանր հետևանքներ են ունենում, հաճախ՝ անդառնալի: Կարմրուկի թվերն, օրինակ, աճում են, մի քանի օրից նաև դասերը կսկսվեն, չպատվաստված կամ թերի պատվաստված երեխաները վտանգի գոտում են:
«Եթե պատվաստումները պատշաճ չիրականացվեն, ապա որոշակի բարձրացում կունենանք», - նշեց մասնագետը:
16 տարի անց Հայաստանում կրկին գլուխ բարձրացրած կարմրուկի դեմ միակ պայքարը պատվաստանյութն է: Այս հիվանդության ծանր հետևանքը նույնպես ուղեղի բորբոքումն է՝ էնցեֆալիտը: Բացի այդ, եթե մինչև կարմրուկով վարակվելը, մարդը որևէ վիրուսի դեմ պատվաստված է եղել կամ բնական իմունիտետ ձեռք բերել, ապա կարմրուկով հիվանդանալիս դրանք զրոյացվում են:
«Առհասարակ վարակային հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի օրինաչափություն և կախված հիվանդությունից 4-7 տարին մեկ անգամ լինում են այսպիսի բարձրացումներ», - ասաց Աթոյանը:
Օդակաթիլային ճանապարհով տարածվող կապույտ հազով վարակված մեկ մարդը վիրուսը կարող է փոխանցել միանգամից 12-17 հոգու: Բարձր ջերմությամբ, չդադարող չոր հազով, քթահոսությամբ ու աչքերի կարմրածությամբ ուղեկցվող այս հիվանդության թիրախում են մինչև 6 ամսական երեխաները:
Ծանր դեպքերում զարգանում է թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ, ինչն էլ կարող է հաշմանդամության պատճառ դառնալ: Կապույտ հազի դեմ պատվաստանյութ, ըստ ՀՎԿԱԿ տնօրենի, բոլոր պոլիկլինիկաներում կա:
Մասնագետները թեև նշում են, որ օմիկրոնի շրջանառվող տեսակն առավել թեթև ընթացք ունի հիմա, բայց տարեցներին ու քրոնիկ հիվանդներին խորհուրդ են տալիս պատվաստվել: Սեպտեմբերից նաև գրիպի դեմ պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը կլինի Հայաստանում: