«Խաղաղ պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության տեքստում, հանրաքվեի միջոցով, պետք է փոփոխություններ կատարվեն», - օտարերկրյա դիվանագետների հետ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Հայ ժողովուրդը պետք է վերջ տա Ղարաբաղի և Հայաստանի միացման իր ուտոպիստական հավակնություններին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղության մեջ ապրելու իր ցանկությունը», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիևի խոսքով, եթե Հայաստանը գնա նման քայլի, «բանակցությունները շատ ավելի արագ կընթանան։
«Մեր երկրին ներկայացվող տարածքային պահանջները մեզ մտահոգում են», - նշել է Հաջիևը։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։
Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին պնդում է՝ հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն