Ուրբաթ օրը հեռախոսազրույց է կայացել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է այդ հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումն, որը մինչ այս էլ դրսևորվել էր միջազգային հարթակներում ՀՀ քվեարկություններում՝ ի պաշտպանություն «երկու պետություն» սկզբունքի և երկու ժողովուրդների օրինական ձգտումների:
Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, ասված է հաղորդագրությունում:
Հայաստանը Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին հայտարարեց երեկ առավոտյան: Պաղեստինի ազգային ազգային վարչակազմի նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Երևանին, Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի որոշումը, Իսրայելը՝ դատապարտել և սպառնացել «երկարաժամկետ լուրջ հետևանքներով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը. Պաղեստինը շնորհակալ է, Իսրայելը քննադատում է