Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։
Փաշինյանը կարևորել է Չիկովանիի այցը Երևան ու ընդգծել՝ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:
Վարչապետն արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը: Իրակլի Չիկովանին, իր հերթին կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը։
Հայկական կողմը նշում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով երեկ է ժամանել Հայաստան։ Երեկ նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությանների միջև 2024 թվականի համագործակցության պլանը։
Չիկովանին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա փետրվարից։ Նախարարի պաշտոնում նրա պաշտոնական առաջին այցը Բաքու էր՝ այս տարվա հունիսի 10-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 103 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, աջակցել են վրացի փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին