Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի, արձագանքելով լրատվամիջոցների հարցին՝ հայտարարում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Լրատվամիջոցները մասնավորապես հետաքրքվել էին՝ հաստատո՞ւմ է տեղեկատվությունը, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:
Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ևս «Ազատությանն» ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
Չորս ամիս առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում: Ռուբինյանը խոստացել էր քննարկել՝ միևնույն ժամանակ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների իրականացումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչն առաջարկում է Ռուբինյանի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում