Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի սպասվող բողոքի ակցիայի ֆոնին Հայաստանի Ամերիկյան համալսարանը չեղարկել է «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պատվավոր հյուրի՝ կրկնակի օսկարակիր դերասան Քևին Սփեյսիի հետ հանդիպումը: Տեղեկությունը փոխանցել է «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Հանդիպման վայրը տեղափոխվել է Կինոյի տուն:
Ամերիկյան համալսարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ իրենք իրենց բացատրությունն արդեն տվել են «Ոսկե ծիրան»-ին։ Մեր դիտարկմանը, թե ի՞նչ բացատրություն էր, համալսարանից չմեկնաբանեցին:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Սփեյսիի դեմ բողոքի ակցիայի մտքից չի հրաժարվել, տեղեկացրել են, որ այն Կինոյի տան մոտ կանեն։
Քևին Սփեյսին, ում անունը վերջին տարիներին ուղեկցվում է սեռական ոտնձգությունների մասին պատմություններով ու մեղադրանքներով, «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է։ Լուրը Հայաստանում կրքեր էր բորբոքել։
«Դեյվիդ Գեյլի կյանքը», «Ամերիկյան գեղեցկություն», «Յոթ» և այլ հայտնի ֆիլմերի հերոսի շուրջ աղմուկը բարձրացավ 2017 թվականին Me too շարժման շրջանակում։ Հենց այդ ժամանակ մի շարք աստղեր, հայտնի մարդիկ մեղադրվեցին սեռական բռնությունների և ոտնձգությունների համար։ Հնարավոր բռնարարների շարքում նաև Սփեյսիի անունը հնչեց, նրան նույնիսկ հայտնի սերիալից՝ ամերիկյան քաղաքական կյանքի մասին պատմող House of Cards-ից հեռացրին։
Դերասանն իրեն մեղավոր չի ճանաչել, չի էլ հերքել, որ ճանաչում է իրեն մեղադրողների մեծ մասին կամ նույնիսկ սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ, բայց պնդել է՝ հարաբերությունները կամավոր են եղել, ինքը միայն ավելորդ «սիրախաղ» է արել։ Մի քանի երկար-բարակ դատավարություններում նրա մեղքը չի ապացուցվել։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, մասնավորապես, հայտարարել է. -«Սեռական բռնությունն ու ոտնձգությունները համարվում են այն հանցագործություններից, որոնք դժվար ապացուցելի են, հատկապես, եթե դրանք կատարվել են տարիներ առաջ անչափահասների նկատմամբ: Սեռական բռնության գործերով արդարադատության մատչելիությունը լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ում և այլ երկրներում, քանի որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ արտոնյալ դիրքում գտնվող տղամարդիկ ազատվում են պատժից: Հայտնի է, որ ԱՄՆ-ում բռնաբարության գործերի միայն 1-5% է դառնում իրավապահ մարմինների քննության առարկա, և 0-5% դեպքում է կայացվում մեղադրական դատավճիռ»:
Ամերիկացի 64-ամյա դերասանը մնացած հրավիրյալ աստղերի հետ Երևանում կլինի կիրակի օրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոսկե ծիրան»-ին Քևին Սփեյսիի սպասվող մասնակցությունը կրքեր է բորբոքել