Երևանն ու Փարիզը շարժվում են ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․ Միրզոյան

Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի արտգործնապարար Ժան-Նոել Բարոյի հետ, 25-ը սեպտեմբերի, 2024թ․

Հայաստան ու Ֆրանսիան շարժվում են ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ, երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպման ժամանակ։

Միրզոյանն ու Բարոն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցեր, երկկողմ հարաբերությունները, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին։ Բաքուն Փարիզին կողմնակալության մեջ է մեղադրել։

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև զենքը. Figaro