Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել արցախցիների սոցիալական խնդիրները, նրանց նկատմամբ ատելության խոսքը։
«ՔՊ-ականները, իրենց հետնորդներն արցախցիների մասին ինչե՞ր են խոսում։ Բա լավ, մեկին չկանչես, ասես՝ ինչե՞ր ես խոսում», - ասում է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա պատահական չի համարում նաև Քննչական կոմիտեի տեսանյութը իշխանությունը յուրացնելու փորձի քրեական գործի մասին, որում շեշտվում էր՝ յոթ մեղադրյալից երկուսը արցախցի են։ Արթուր Խաչատրյանը արցախցիների մասին շեշտադրումն ատելության քարոզ է համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախկին 3 քաղաքապետերը՝ դեռ մեղադրյալ. պաշտպանը քաղաքական հետապնդման մասին է խոսումԱյստեղ ոչ թե իշխանության թողտվություն կա, այլ իշխանության կազմակերպված խրախուսում. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ամենաթարմ օրինակն է հիշեցնում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքերը արցախցիների մասին։
«Արցախն իրենց երկիրն էր, իրենք Արցախը հանձնեցին, եկան այստեղ, հիմա թող իրենց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան, առանց էն էլ 20 տարի տանտեր են եղել, դրա համար էլ այս երկիրն այս վիճակին է», - հայտարարել էր իշխանական պատգամավորը։
Արտակ Բեգլարյանի տպավորությամբ՝ արցախցիների նկատմամբ ատելությունը խրախուսվում է Հայաստանի բարձրագույն իշխանության մակարդակով. - «Այստեղ ոչ թե իշխանության թողտվություն կա, այլ իշխանության կազմակերպված խրախուսում կա և երբեմն առաջնորդում նույնիսկ»։
Արցախի նախկին օմբուդսմենը պնդում է՝ գիտի դեպքեր, երբ սոցիալական ցանցերում իրական օգտատերերն ատելության քարոզ են արել արցախցիների նկատմամբ, փաստաբանները դիմել են, ու իրավապահներն ընթացք չեն տվել։
«Շատ հստակ ատելության խոսք կա արցախցիների հանդեպ, որ դուք խոսելու իրավունք չունեք, դուք պետք է գնաք, ճորտի պես Հայաստանի ժողովրդին ծառայեք, պետք է բողոքողներին քշենք Հայաստանից և այլն։ Հստակ ատելության խոսք էր բոլոր արցախցիների հանդեպ, և ընդհանրապես վարույթ չհարուցվեց այդ մասով», - ասաց նա։
Մոտ երկու ամիս առաջ սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացրեց «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի մեկնաբանությունը։ Մի տեսանյութի էր արձագանքել ու նրանց վտարելու կոչ արել։ ՔՊ-ական Գնել Սարգսյանն էլ հինգ օր առաջ սոցիալական ցանցերում դառնացել էր, թե երևանյան բիզնես կենտրոնի տանիքին ծածանվող Հայաստանի դրոշը պատշաճ վիճակում չէ, մինչդեռ Արցախի դրոշը խնամքով շենքի ներսում կախված է։
Իշխանությունների քաղաքական նպատակներին հակառակ է Հայաստանում ունենալ կազմակերպված արցախահայ համայնք. Արթուր Խաչատրյան
«Նպատակը, իհարկե, մեկն է՝ մեր Արցախի հայերի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս գան, որովհետև այս իշխանությունների քաղաքական նպատակներին հակառակ է Հայաստանում ունենալ կազմակերպված արցախահայ համայնք և ղեկավարներ, քանի կա կազմակերպված արցախահայություն, հայրենադարձման հարցը միշտ մնալու է օրակարգում», - պնդում է Արթուր Խաչատրյանը։
Իշխանական պատգամավորը չի կիսում ընդդիմադիրների տեսակետները, անտրամաբանական է համարում
Իշխանական պատգամավոր Հրաչ Հակոբյանն իշխանությունից ատելության խոսք չի լսել արցախցիների մասին։ Միայն լսել է կառավարության աջակցության ծրագրերի մասին. - «Ես անտրամաբանական եմ համարում՝ մի կողմից կառավարությունը աջակցության ծրագրեր ներկայացնի, աջակցի արցախցի մեր հայրենակիցներին, մյուս կողմից խրախուսի ատելության խոսքը, կամ ինքը հանդես գա ատելությամբ»։
Հրաչ Հակոբյանը վստահ է՝ վարչապետի խոսքերը բոլոր արցախցիներին չեն ուղղված, այլ նրանց, որոնք Հայաստանի շահերից չեն գործում. - «Այնպիսի գործողություններ են անում, որ ոչ այնքան ի շահ ՀՀ-ի են։ <> Տարբեր հայտարարություններով են հանդես գալիս, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Արցախից եկած մեր հայրենակիցները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը խոսում է ՀՀ-Արցախ հանձնաժողովը լուծարելու, ներկայացուցչության շենքի նշանակությունը փոխելու մասինԱրցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը արցախցիների մասին բացասական գրառումները որակել է տեղեկատվական տեռոր ու առաջարկում է՝ իրավապահներն ու պատգամավորները դրա դեմ քայլեր ձեռնարկեն։ Թե որքանով կհաջողվի քննիչ հանձնաժողովում հարցը քննարկել, դեռ պարզ չէ։ Այն ստեղծելու համար ընդդիմադիրների ձայները բավարար չեն, անհրաժեշտ է իշխանության օգնությունը։