«Հայաստան» խմբակցությունը Գեղամ Նազարյանին առաջարկել է դուրս գալ. նա համաձայնել է

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է պատգամավոր Գեղամ Նազարյանին դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Այս մասին հայտնում է խմբակցությունը՝ հավելելով, որ Գեղամ Նազարյանը համաձայնել է։

«Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար», - հայտարարել է ընդդիմադիր խմբակցությունը:

Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, խմբակցությունում քննարկման թեմա էր դարձել օրերս։ Պատգամավոր Ագնեսա Խամոյանը ավելի վաղ ասել էր, որ դրանք Նազարյանի անձնական ընկալումներն են և չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։

«Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը», - նշել էր նա։

Նազարյանն ինքն իր աղմկահարույց հայտարարությունը բացատրել է այսպես, թե «Հայաստան» դաշինքը ընտրություններին չի մասնակցել խորհրդարանական ընդդիմության վերածվելու նպատակով, այլ հաղթելու և իշխանություն ձևավորելու համար: Իսկ մանդատները վերցնելուց հետո էլ «պետք է շարունակեին ապացուցել, որ պետք չէր իշխանությունը վստահել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ միաժամանակ մնալով իրենց համոզմունքին, որ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտություն է պետության համար»:

Գեղամ Նազարյանը «Հայաստան» խմբակցության կազմում պատգամավոր է դարձել 2021-ի արտահերթի արդյունքում։