Ամերիկայի հայ համայնքում միասնական մոտեցում չի որդեգրվել՝ քվեարկել դեմոկրատ թեկնածուի, թե հանրապետականի օգտին։
«Ներկայումս տեսնում ենք հիասթափություն ամերիկահայերի կողմից երկու թեկնածուներից էլ: Երկու վարչակազմներն էլ մեղսավոր են արցախյան պատերազմում», - «Ազատությանն» ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը:
Վերջին շաբաթների թեժ մրցապայքարի ընթացքում երկու թեկնածուներն էլ ընտրողներին խոստումներ տվել էին հայերի համար կարևոր թեմաների ու հատկապես Արցախի հարցի շուրջ։
Ավելին, Թրամփը նախորդ շաբաթ զանգահարել էր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, վերահաստատել իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։
Մոտ 10 օր առաջ էլ նախկին նախագահը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։
Հայ դատի հանձնախումբը թե՛ Թրամփին է քննադատել, թե՛ Հարիսին. Հանրապետական նախկին նախագահին՝ 2020-ին Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա չկասեցնելու, դեմոկրատ փոխնախագահին՝ Արցախի անցած տարվա հայաթափմանը հանգեցրած ռազմական ագրեսիայի ժամանակ «մատը մատին չտալու, ծպտուն չհանելու» համար։
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», - այս հայտարարությունն արել էր ԱՄՆ փոխնախագահ և նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում:
ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 1.5 միլիոն հայերի մեծ մասն ապրում է Կալիֆորնիա նահանգում, որն ավանդաբար Դեմոկրատների օգտին է քվեարկում, ավելի քան 200 հազար հայեր էլ ապրում են ԱՄՆ-ում տատանվող համարվող նահանգներում, որտեղ ամեն ընտրողի ձայն այս պայքարում որոշիչ է։
Նախընտրական շրջանում Արցախի և Հայաստանի մասին թեկնածուների անդրադարձերը՝ հոդվածում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քամալա Հարիս, թե Դոնալդ Թրամփ. Ամերիկայի հայ համայնքում միասնական մոտեցում չկա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին, «վերահաստատել աջակցությունն Արցախի հայերին» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի և Բաքվի միջև բուն խաղաղության համաձայնագիրը գերնպատակ չէ ԱՄՆ-ի համար. քաղաքական մեկնաբան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս