Հայ և ադրբեջանցի հիդրոլոգները համագործակցում են՝ ԱՄՆ միջնորդությամբ

Աղստև գետը, արխիվ

Հայ և ադրբեջանցի հիդրոլոգները Միացյալ Նահանգների միջնորդությամբ համագործակցում են՝ գետերի ջրի կառավարման մոդել մշակելու համար․ այս մասին առաջինը երեկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն ազդարարեց՝ X-ի իր էջում:

Հայաստանյան թիմի համակարգողը ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Ինեսսա Գաբայանն է. ավելի քան 30 տարի շարունակված հակամարտություններից հետո հիմա գիտնականները փորձելու են Հայաստանից դեպի Ադրբեջան հոսող գետերի ջրի կառավարման միացյալ համակարգ մշակել։

«Ծրագիրը նոր է սկսվել, անգամ օնլայն հանդիպում չենք ունեցել», - ասաց Գաբայանը:

Ուսումնասիրվելու է Աղստևի գետավազանը. Փամբակի լեռներից սկսվող, Դիլիջան- Իջևանով հոսող գետը իջնում է դեպի Ադրբեջան՝ դառնում Աղստաֆա։

Գաբայանը շեշտում է՝ խնդիրները լուծելու համար պետք է համագործակցել․ օրինակ, աղտոտված Աղստևը ոչ մի կողմին ձեռնտու չէ և այնպես չէ, որ դրա պատասխանատուն միայն վերին հոսանքում գտնվող երկիրն է՝Հայաստանը:

Աղստևի վրա է կառուցված Բերքաբերի ջրամբարը․ 10 հազար հեկտար ոռոգող հսկան 90-ականների պատերազմից սկսած պարապուրդի է մատնված․ անվտանգ չէր։ Ադրբեջանականն իր հսկողության տակ է պահում ջրամբարի հայկական ափն ու հարակից հարյուրավոր հեկտարները:

Ինեսսա Գաբայանն ընդգծում է՝ ջրամբարի օգտագործման համատեղ ծրագրի մշակումը Հայաստանի համար տնտեսական հարց է, Ադրբեջանի համար՝ անվտանգության։

Ինչո՞վ կավարտվ հայ ու ադրբեջանցի մասնագետների համատեղ աշխատանքի այս փորձը՝ սահմանային ջրերի արդյունավետ ու փոխշահավետ կառավարմամբ, թե սա կմնա թղթի վրա։ Ծրագրի խորհրդատու և համակարգող Գաբայանը շեշտում է՝ գիտնականներն ինչ էլ անեն, քաղաքական կամքն է ի վերջո որոշելու՝ Ջողազի ջրերը այգիներ կհասնե՞ն, Աղստևի կեղտոտ հոսքը կզուլալվի՞, թե՝ ոչ։

Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.