Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ՀՀ-ին անվտանգային երաշխիքներ չի տալու. քաղաքագետ

Հայաստանի և ԱՄՆ դրոշները, արխիվ

Վաշինգտոնից չեն հստակեցնում առաջիկա օրերին հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: ԱՄՆ Պետքարտուղարությունից «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը միայն հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս պահին հայտարարելու բան չունենք»․ ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

Փաստաթղթի հնարավոր ստորագրումից երեկ մանրամասներ չհայտնեց նաև Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը միայն նշեց, թե հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:

«Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել էինք բարձրացնենք ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթ կամ փաստաթղթեր այս մասին իհարկե կան, հենց այդ հայտարարությունից դա է բխում, հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում: Ինչ կլինի դրա արդյունքը՝ եթե հետևենք լրահոսին, կտեսնենք», - ասաց Միրզոյանը:

Դեռ պարզ չէ՝ հնարավոր այդ հանդիպումը երբ և որտեղ է լինելու: Հստակ չէ նաև՝ եթե հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրվի, ինչ ճակատագրի այն կարժանան ԱՄՆ նոր վարչակազմի օրոք: Հարցին Պետքարտուղարությունից չեն պատասխանել: Նախարար Միրզոյանը նույնպես հստակ պատասխան չէր տվել:

«Վարչակազմերի ձեռագրերի և տեսլականների տարբերություններ անշուշտ կլինեն, ինչպես բոլոր երկրներում, բայց մենք գործ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ մի պետություն, որտեղ ընդհանուր առմամբ նաև ինստիտուցիոնալ հիշողություն կա, ինստիտուցիոնալ ավանդույթներ կան և քաղաքականություն կա, որը շարունակվում է, ի վերջո ամեն ինչ չի փոխվում: Եվ մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք Միացյալ Նահանգների հետ, ոչ թե գործող կամ հեռացող վարչակազմի կամ իշխանությունների: Մենք նաև մեր կապերը արդեն իսկ ունենք եկող վարչակազմի հետ, ընտրված նախագահի և նրա թիմակիցների հետ», - երեկ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը չի հերքում, որ առաջիկա օրերին Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ դեռ ամռանը նախանշվել է համագործակցության մի քանի ուղղություն՝ աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, համագործակցության ամրապնդում անվտանգության և իրավապահ ոլորտներում, աջակցություն արդարադատության ու ժողովրդավարական ինստիտուտներին: Գրիգորյանը կարևորում է փաստաթղթի ստորագրումը, եթե անգամ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի օրոք դրա իրականացման ուղղությամբ ակտիվ քայլեր չլինեն:

«Իրականում նույնիսկ եթե որևէ հակազդող քայլեր չլինեն, այսինքն՝ քայլեր չձեռնարկվեն՝ չեղարկելու այդ փաստաթուղթը, դա արդեն կարելի է լինելու դրական արդյունք համարել: Եվ կարծում եմ հաշվարկը հենց դրանում է կայանում, որ փաստաթղթի ստորագրումից հետո միգուցե այդ օրակարգը շատ ակտիվորեն չի գործելու, բայց նաև ինչ-որ լուրջ հակազդեցություն ևս չի լինելու, որովհետև, իհարկե, Հայաստանը և Հարավային Կովկասը նոր վարչակազմի առաջնահերթությունների շարքում չեն լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրենը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիրը, սակայն, Հայաստանին չի տալու անվտանգային երաշխիքներ, նշում է քաղաքագետը՝ առաջարկելով ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել այն: Հայաստանում որոշ շրջանակներ անգամ պնդում են, թե այդ փաստաթղթի ստորագրումը կկանխի Ադրբեջանի հնարավոր ագրեսիան։

«Հայաստանի դեմ հարձակման դեպքում, ես չեմ կարծում, թե այս փաստաթուղթը էականորեն ազդելու է իրավիճակի վրա կամ ընդհանրապես նվազեցնելու է շանսերը ադ հարձակման, որովհետև Ադրբեջանի համար, ես չեմ կարծում, որ սա մեծ նշանակություն ունի: Բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ, օրինակ, նույն Ադրբեջանը, իհարկե, ձգտում է հասնել այս կարգավիճակին Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններում», - ասաց Գրիգորյանը:

Տիգրան Գրիգորյանն ընդգծում է՝ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ունեին նաև Միացյալ Նահանգներն ու Աֆղանստանը, որը, սակայն, չկանխեց այդ երկրում երեք տարի առաջ տեղի ունեցածը: