Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կազանյան բանակցություններից Երևանը գոհ է, կան նաև շոշափելի արդյունքներ, երեկ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո «Ազատության»-ը փոխանցեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Իրենց գնահատականներով էլ, նաև իրենք պատմածներով էլ կարելի է եզրակացնել, որ արդյունավետ է եղել և շատ օգտակար», - նշեց Աղազարյանը:
Կազանում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մանրամասներն արդեն Երևանում վարչապետը Փաշինյանը պատմել է ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նախկինում էր անում, այլ փակ ձևաչափով՝ միայն գործադիր և օրենսդիր մարմնի իր թիմակիցներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Կազանում. նախարարներին հանձնարարեցին շարունակել բանակցություններըԻշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Խորհրդարանում: Հանդիպման մասին միայն սուղ տեղեկատվությամբ հաղորդագրություն է հրապարակվել և արդեն ավանդական ձևաչափով կարճ մի տեսանյութ՝ վարչապետի մասնակցությամբ:
Հովիկ Աղազարյանը Փաշինյան-Ալիև քննարկման մանրամասները լսել և եզրակացրել է . - «Որոշակի մակարդակի անկեղծ զրույց է եղել, նաև կարևորն այն է, որ երկու կողմերն առանց որևէ մեկի միջնորդության պատրաստ են եղել, մետ 1,5 ժամ զրուցել են, 1,5 ժամվա ընթացքում շատ թեմաներ կարող են շոշափվել»:
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, սահմանազատման շարունակման հարցը, չի շրջանցվել նաև ապաշրջափակման թեման, որը Հայաստանի համար կնճռոտ խնդիրներից է: Այս հարցն, ի դեպ, կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանել էին խաղաղության պայմանագրի նախագծից։
Երևանն արդեն երկու ամիս է՝ առաջարկում է համաձայնեցված կետերով պայմանագիր ստորագրել, Բաքուն մերժում է՝ պնդելով, որ տեքստն ամբողջությամբ պետք է համաձայնեցվի ու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը:
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարար Միրզոյանը երեկ թիմակիցներին պատմել են, որ պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ ևս դրական առաջընթաց կա:
Այս մասին «Քաղաքացիական պայմանագրից» դեռ փակագծեր չեն բացում, բայց որ բանակցություններին կողմերն անդրադարձել են ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, հաստատեց նաև իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Մի քանի տարի երկու երկրների մեջ գնացքները... մտավախություն է եղել, որ անվտանգությունը հնարավոր չի ապահովել, երրորդ ուժ չկա, ի դեմս Ռուսաստանի, որ վերահսկի, դրա համար եկել են եզրակացության, որ սկսեն բեռնափոխադրումներից և կամաց-կամաց հարաբերությունները զարգացնեն այդ ուղղությամբ, շատ կարևոր բան է», - նշեց Աղազարյանը:
Երկաթգծի բացման հարցը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ակտիվ քննարկում էին 2021-22-ին, երբ բանակցությունները ընթանում էին ինչպես մոսկովյան, այնպես էլ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ: Այն ժամանակ անգամ համաձայնության մասին էր հայտարարվում, թե սահմանային ու մաքսային հսկողությունը պետք է իրականացվի փոխադարձության սկզբունքով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու աշխատանքների իրականացման համար հատուկ խումբ է ստեղծվելՀայաստանի կառավարությունը նույնիսկ նախնական հաշվարկ էր արել, նշվում էր՝ երկաթգծի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար: Հայկական կողմը, սակայն, ակնկալում էր մինչ շինարարության մեկնարկը պայմանավորվածություններն ամրագրվել փաստաթղթով, որն այդպես էլ չհաջողվեց:
Բաքուն այս ընթացքում շարունակել է առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը, որը Երևանը կարմիր գիծ է համարում: Եթե կազանյան բանակցություններում քննարկվել է բեռնափոխադրումների վերականգնման հարցը, արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ օրակարգից: Իշխանական պատգամավորն այս մասին խոսելը վաղ է համարում:
«Իրենք ընդհանրապես ուզում են Հայաստանը վերացնել, խաղաղության հաստատել տարածաշրջանում, և՛ բեռնափոխադրումը վերականգնվի, և՛ ուղևորափոխադրումը, իրենց նպատակը դա է՝ «Արևմտյան Ադրբեջան» և այլ: Մենք կռիվ ենք անում էդ նպատակները վիժեցնելու համար», - ընդգծեց Աղազարյանը:
Ինչ վերաբերում խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը, ապա «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններում այդ հարցով որևէ հստակ համաձայնության չեն հասել: