Հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է. Միրզոյան

Հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է, խորհրդարանում բյուջեի քննարկման շրջանակում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ զգուշավոր լավատեսություն հայտնելով, որ մոտ ապագայում դրանք ևս կհամաձայնեցնեն և պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։

Արտգործնախարարը, սակայն, չասաց, թե որոնք են այդ կետերը:

Երեկ էլ խորհրդարանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն այժմ բանակցում են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթների համաձայնեցման շուրջ:

Մինչ այս հայաստանցի բանակցողներն Ադրբեջանին առաջարկում էին ստորագրել համաձայնեցված կետերը, իսկ մյուսների քննարկումը թողնել ապագային։ Բաքուն, սակայն, արդեն երկու ամիս է՝ կտրուկ մերժում է՝ պնդելով՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Բաքուն բանակցում են պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցման շուրջ. Արայիկ Հարությունյան

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն Անկարան կապ է հայ-ադրբեջանական կարգավորման հետ»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարան կապ է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, նշեց Միրզոյանն՝ անդրադառնալով սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածության վերաբերյալ հարցին:

2022-ի հուլիսին Վիեննայում կայացած հանդիպմանը Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից

Միրզոյանը հույս հայտնեց, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի

Նախարար Միրզոյանն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին, նշեց, որ կողմերն առաջիկայում միմյանց պաշտոնապես կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին, ապա հույս հայտնեց, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կազանյան երկկողմ հանդիպումից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ստորագրեցին սահմանազատման կանոնակարգը

«Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»

Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Սրա շրջանակներում թիվ մեկ քայլը, որ մենք դիտարկում ենք և որի ուղղությամբ մեր ջանքերը գործադրում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է», - նաև հայտարարեց ԱԳ նախարարը:

COP 29-ին Երևանի մասնակցությունը հաստատված չէ

COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

CO P29 գագաթնաժողովը նոյեմբերին կկայանա Բաքվում, որին Ադրբեջանը հրավիրել է՝ նաև Հայաստանին:

COP 29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։ Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կմեկնի՞ Բաքու Արարատ Միրզոյանը. COP29-ին մասնակցելու հրավերը Հայաստանի արտգործնախարարին են ուղարկել