«Հասկանում եմ ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը», - այսօր նման հայտարարություն է տարածել Հայասատնի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն՝ արձագանքելով իր հրաժարականի կոչերին։
Հոկտեմբերի 13-ին Երևանում կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:2 հաշվով, Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց հավաքականի մարզչի պաշտոնից, սակայն ՖԱՖ-ը՝ Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը, պահանջում է Մելիքբեկյանի հրաժարականը։ Ֆեդերեցիայից ավելի վաղ «Ազատության»-ը փոխանցել էին, որ նրա հրաժարականի հարց չի քննարկվում:
Այսօրվա հայտարարությունում Մելիքբեկյանը նշել է, որ պարտադիր է համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները։
ՀՖՖ նախագահը թվարկել է՝ առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Նման մրցաշարի անցկացումը, ըստ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար:
«Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա», - ասել է Մելիքբեկյանը՝ շեշտելով՝ այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ավելի մտահոգ է գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։
Մելիքբեկյանի խոսքով՝ ՀՖՖ ղեկավարությունը պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։
«Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը», - եզրափակել է ՀՖՖ նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ