Հարիսը կամ Թրամփը. ի՞նչ է դա նշանակելու Ուկրաինայի համար

Ուկրաինա - 2022 թվականի հուլիսին Օլենիվկայի շենքին ռուսների հարվածի հետևանքով զոհված ուկրաինացի ռազմագերիների հիշատակի արարողություն Կիևի Անկախության հրապարակում, 28-ը հուլիսի, 2024թ.

Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից է կախված՝ ինչ ընթացք կունենա հազարավոր կիլոմետրեր հեռու արդեն երրորդ տարին շարունակվող ռուսական պատերազմն Ուկրաինայի դեմ։ Կիևը, որ պաշտպանության առումով հենվում է Վաշինգտոնի ռազմական, ֆինանսական ու դիվանագիտական աջակցության վրա, ընտրությունների ազդեցությունը կարող է զգալի ավելի, քան որևէ այլ երկիր։

Կրեմլի սկսած պատերազմի մեկնարկից ի վեր՝ Ջո Բայդենի նախագահության ընթացքում, Միացյալ Նահանգներն Ուկրաինային ավելի քան 56 միլիարդ դոլար է հատկացրել միայն անվտանգության ոլորտում։ Տասնյակ միլիարդավոր դոլարներ էլ տրամադրվել են որպես ֆինանսական կամ մարդասիրական օգնություն։

«Կարծում եմ՝ պատերազմի ելքի վրա ազդող ամենաէական գործոնը, անշուշտ, ԱՄՆ ընտրություններն են», - «Ազատությանն» ասել է Լոնդոնի Թագավորական քոլեջի ավագ գիտաշխատող Ռութ Դեյերմոնդը, հավելելով՝ հենց այդ ընտրություններն են, որ կորոշեն՝ Միացյալ Նահանգները կշարունակի՞ աջակցել Ուկրաինային, և եթե այո, ապա ի՞նչ չափով։

Նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսն այս հարցում միմյանցից էականորեն տարբերվող դիրքորոշում ունեն։

Հարիսի ծրագիրը

Հարիսը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Բայդենի վարչակազմի քաղաքականությունը և օգնել Կիևին այնքան, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին։

«Կիևին աջակցելը բարեգործություն չէ, այլ՝ Միացյալ Նահանգների ռազմավարական շահը», - հայտարարեց նա Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Միաժամանակ ընդգծեց՝ Ուկրաինայի ճակատագիրը չի որոշվի առանց Կիևի մասնակցության։ «Իմ երկրում կան մարդիկ, ովքեր ցանկանում են ստիպել Ուկրաինային զիջել իր ինքնիշխան տարածքի զգալի մասը, ովքեր պահանջում են Ուկրաինայից չեզոքություն և հրաժարում այլ երկրների հետ համագործակցությունից անվտանգության ոլորտում։ Այս առաջարկները համընկնում են Պուտինի առաջարկների հետ։ Եկեք անկեղծ լինենք։ Սրանք խաղաղության առաջարկներ չեն, սրանք կապիտուլյացիայի առաջարկներ են՝ վտանգավոր և անընդունելի», - հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հանդիպում են Վաշինգտոնում, 26-ը սեպտեմբերի, 2024թ.

Թրամփի ծրագիրը

Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատում է Ուկրաինային հատկացված աջակցության չափն ու ձևը։ Նրա կարծիքով՝ Եվրամիությո՛ւնը պետք է ստանձնի Կիևին օգնելու առաջնային պատասխանատվությունը։ Նա կասկածի տակ է դնում Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հրաժարվում պատասխանել հարցին՝ արդյո՞ք ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի։

Փոխարենը, հանրապետական թեկնածուն հաճախ կրկնում է, որ նախագահ ընտրվելու դեպքում արագորեն կավարտի արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմը։

«Կարող ենք ակնկալել, որ Հարիսի ընտրության դեպքում Սպիտակ տունը կշարունակի այն գիծը, որ Բայդենն էր որդեգրել, անշուշտ, կտրուկ շրջադարձ չի լինի: Դոնալդ Թրամփը, մինչդեռ, հստակ հասկացրել է, որ ցանկանում է, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի», - ասում է Դեյերմոնդը, փաստելով. - «2016 թվականից ի վեր նրա արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, սակավաթիվ մշտական նպատակներից մեկը, նրա խոսքերով, Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններն են։ Ինձ թվում է, որ նա կցանկանա արագ վերջ տալ պատերազմին՝ Ռուսաստանի պայմաններով»։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմի ավարտի Պուտինի պայմաններն «անընդունելի են», որ իր դիրքորոշումը խիստ է Ռուսաստանի նկատմամբ, և եթե ինքը լիներ նախագահ, Պուտինը չէր ներխուժի Ուկրաինա։ 2017-ին Թրամփը նաև կանաչ լույս տվեց Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու ճանապարհին, ինչը, օրինակ, դեմոկրատ նախկին նախագահ Բարաք Օբաման հրաժարվել էր անել՝ Ռուսաստանին «չսադրելու» մտավախությամբ։

Խոստանալով հաշվված ժամերի ընթացքում կանգնեցնել հակամարտությունը՝ Թրամփը, միաժամանակ, առայժմ որևէ խոսք չի ասել կոնկրետ քայլերի մասին, որոնք կձեռնարկի այդ ուղղությամբ։

2023 թվականի ամռանը Fox News-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ ճնշում կգործադրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ բանակցություններ սկսելու համար՝ սպառնալով ավելացնել Ուկրաինային օգնությունը, և հակառակը՝ կհորդորի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն գնալ բանակցությունների՝ սպառնալով կրճատել ամերիկյան աջակցությունը:

«Ես կասեի Զելենսկուն. - «Բավական է, մենք պետք է ստորագրենք [խաղաղության] պայմանագիր։ Պուտինին էլ կասեի. - «Եթե չհամաձայնեք խաղաղության գնալ, մենք մեծ աջակցություն կուղարկենք Ուկրաինա»: Եվ եթե պետք լինի, կուղարկենք այնքան, որքան նրանք նախկինում դեռ չեն տեսել», - հայտարարել էր Թրամփը՝ եզրափակելով,- «Եվ ես մեկ օրում խաղաղության կհասնեմ։ Մեկ օրում»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում են Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2024թ.

Ուկրաինայում մտավախություն ունեն, որ արագ գործարք կնքելու ցանկացած փորձ ձեռնտու կլինի Ռուսաստանին, և որ դա կնշանակի երկրի գրեթե մեկ հինգերորդը թողնել Մոսկվայի օկուպացիայի տակ։ Դա էլ, իր հերթին, Պուտինին թույլ կտա օգտագործել զինադադարը՝ ուժերը համալրելու և նոր հարձակման նախապատրաստվելու համար:

Խոսքեր և գործողություններ

Անհնար է ստույգ ասել, թե ընտրվելու դեպքում թեկնածուներից յուրաքանչյուրն ինչ քաղաքականություն է բանեցնելու: Այստեղ կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ գործոններ կան:

Նախ՝ Ուկրաինան դժգոհում է․ թե ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը ստացվում է դանդաղ, տրամադրվող զենքերի հարցում էլ շատ սահմանափակումներ կան։ Չնայած համառ խնդրանքներին՝ Բայդենի վարչակազմը թույլ չտվեց Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի հեռահար հրթիռները Ռուսաստանին հարվածելու համար։

Ռուսական զինուժի հարվածների հետևանքները Դոնեցկի մարզի Ուգլեդար քաղաքում, հոկտեմբեր, 2023թ.

Ուկրաինան դեռևս չունի բավականաչափ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք, ինչից օգտվելով Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել՝ ոչնչացնելով կարևոր ենթակառուցվածքները և ուկրաինական քաղաքները։

Անցած ամսվա ընթացքում միայն ռուսական բանակն Ուկրաինայից գրեթե 500 քառակուսի կիլոմետր է օկուպացրել: Վերջին անգամ ռուսական զորքերը նման արագ տեմպերով առաջ են շարժվել 2022-ի փետրվարին՝ լայնամասշտաբ ներխուժման մեկնարկին:

Քամալա Հարիսը չի հստակեցրել՝ ընտրության դեպքում պատրա՞ստ է ավելացնել զենք-զինամթերքի մատակարարումներն ու կրճատել դրանց վրա դրված սահմանափակումները: Վլադիմիր Զելենսկին հրապարակավ ամրագրել է այդ խնդրանքն իր «Հաղթանակի ծրագրում», որն արևմտյան առաջնորդները բավականին սառն ընդունեցին։

Հարիսը որևէ կարծիք չի հայտնել նաև Զելենսկու ծրագրի հիմնական կետերից մեկի՝ հենց այսօր Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու վերաբերյալ։

Թրամփի դեպքում, եթե նա ընտրվի, քաղաքականության վրա կազդի նաև այն, թե ում կնշանակի վարչակազմի առանցքային պաշտոններում: Տեղեկություններ կան, որ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկում է նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոյին, պետքարտուղարի պաշտոնում՝ իր իշխանավարման օրոք Ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական, հանրապետական Ռոբերտ Օ՛Բրայենին։ Երկուսն էլ քննադատել են Բայդենի վարչակազմին ամերիկյան հրթիռներով ռուսական տարածքին հարվածելու հնարավորությունը սահմանափակելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ բավարար պատժամիջոցների համար։

The Wall Street Journal-ում գրած սյունակում Փոմփեոն կոչ էր արել Ուկրաինայի համար 500 միլիարդ դոլարի լենդ-լիզ ծրագիր սկսել՝ համակարգ, որով Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Ամերիկան դաշնակիցներին փոխարինաբար կամ վարձակալությամբ զենք-զինամթերք ու ռազմավարական նշանակության ապրանքներ էր տրամադրում։ Փոմփեոն նաև պաշտպանել էր Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Պետքարտուղարի հավանական թեկնածու Ռոբերտ Օ՛Բրայենը, մինչդեռ, հայտարարել է, թե Կիևի մուտքը դաշինք այս պահին «սադրիչ ազդեցություն կունենա»։

«Դիվանագիտության տարի»

Ուկրաինայի իրադրության վրա ազդող ևս մեկ կարևոր գործոն կա․ ԱՄՆ-ում նաև Կոնգրեսի ընտրություններ են։ Նախագահները, ճիշտ է, ավելի մեծ ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության վրա, բայց բյուջեն օրենսդիրների ձեռքում է, և նրանք մեծապես կարող են ազդել Ուկրաինայի ռազմական և ֆինանսական աջակցության վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշման վրա:

«Գնալով ավելի դժվար է դառնում համոզել, թե ինչու մենք պետք է ամերիկացի հարկատուների գումարները ծախսենք Ուկրաինայի վրա: Բայց տարբերակը, ըստ որի Կիևը պարտք կվերցնի այնքան, որքան անհրաժեշտ է՝ ամերիկյան զենք գնելու համար, այդքան խնդրահարույց չի լինի և հավանության կարժանանա թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից», - «Ազատությանն» ասել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ հանձնակատար Քուրթ Վոքերը:

Մինչդեռ Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Չարլզ Կուպչանը վստահ է՝ կապ չունի, թե ով կհաղթի, երկու թեկնածուներն էլ Ուկրաինային կմղեն դեպի բանակցություններ։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Արևմուտքի ռեսուրսները սպառվում են, ասել է նա։

«Ես ակնկալում եմ, որ 2025 թվականը դիվանագիտության տարի կլինի: Չեմ կարծում, որ ներկայիս իրավիճակը կշարունակվի», - նշել է Կուպչանը:

Միևնույն ժամանակ, նա չի հավատում, որ Ուկրաինային տրամադրվող աջակցությունն ամբողջությամբ կդադարեցվի։ «Դա Պուտինի համար միայն նշան կլինի՝ շարունակելու իր հարձակումը», - ընդգծել է նա։