Հարիսն ասել է, որ իր գլխավոր առաջնահերթությունը «միջին խավի ամրապնդումն ու աջակցությունն» է

Որպես ԱՄՆ նախագահի թեկնածու տված իր առաջին հարցազրույցում Քամալա Հարիսն ընդգծել է մեկ շաբաթ առաջ ավարտված Դեմոկրատների համագումարի ժամանակ հրապարակայնորեն նշած կետերը:

Նա ասել է, որ իր գլխավոր առաջնահերթությունը կլինի «միջին խավի ամրապնդումն ու աջակցությունը»:

ԱՄՆ նախագահի թեկնածուն վերահաստատել է իր հավատարմությունը նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը՝ ամերիկացի ընտրողների համար կարևոր հարցերի վերաբերյալ, ներառյալ ներգաղթին առնչվող բարեփոխումների անհրաժեշտությունը և Իսրայելին շարունակական աջակցությունը:

Հարիսի քննադատների հիմնական դժգոհություններից մեկն այն է, որ ԱՄՆ փոխնախագահ աշխատելու տարիներին նա տարբեր հարցերի շուրջ արտահայտել է հակադիր տեսակետներ։

«Իմ արժեքները չեն փոխվել», - վստահեցրել է Քամալա Հարիսը CNN-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ինքը միայն փորձում է կոնսենսուսի հասնել կարևոր հարցերի շուրջ։

Քամալա Հարիսի հարցազրույցից հրաժարվելը նախագահի թեկնածու դառնալուց հետո քննադատության առարկա էր հանրապետականների կողմից, ովքեր պնդում էին, որ դեմոկրատները թույլ չեն տալիս ընտրողներին տեսնել թեկնածուին մամուլի հետ դեմ առ դեմ: Թրամփի քարոզարշավի հայտարարության մեջ ասվում է, որ 16 րոպեի ընթացքում Հարիսը ոչինչ չի ասել ԱՄՆ-ում հանցագործության ճգնաժամի մասին, քիչ է խոսել տնտեսության վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի հատվածի մասին խոսելիս Հարիսը երկու պետության տարբերակն է բարձրացրել