Հարավային Կովկասը Եվրամիության և Եվրոպայի համար կարևոր է ոչ միայն կապի և առևտրի, այլ նաև աշխարհառազմավարական հարցերի առումով, «Ազատության» հետ զրույցում ասաց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Շտեֆան Մայսթերը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ հենց այս պահին Եվրամիությունը ձախողվում է Վրաստանում՝ չարձագանքելով, հայտարարություններ չանելով, պատժամիջոցների չենթարկելով այն մարդկանց, ովքեր պատասխանատու են բռնության և ընտրակեղծիքների համար։
Փորձագետի կարծիքով՝ Գերմանիայի արձագանքը շատ սահմանափակ էր նաև երբ Ադրբեջանը Ղարաբաղը ռազմական ուժով գրավեց և հայերին այնտեղից դուրս մղեց։
«Եվրոպայի կողմից լուրջ ներգրավվածություն, կամ լուրջ բանակցություններ չեն եղել։ Այս հարցում նույնպես ես գերմանական առաջնորդություն չեմ տեսնում», - ասաց Շտեֆան Մայստերը՝ շեշտելով՝ նման թույլ Եվրոպան նաև Հարավային Կովկասում առաջնորդության, այդ թվում՝ Գերմանիայի առաջնորդության բացակայության հետևանք է։
«Դուք տեսնում եք, որ Թուրքիան այժմ առանցքային խաղացող է այստեղ: Դուք տեսնում եք ավելի շատ Իրանի ներգրավվածությունը տարածաշրջանում: Այնպես չէ, որ Ռուսաստանը լքել է տարածաշրջան: Ու ես ինքս ինձ հարցնում եմ՝ իսկ որտե՞ղ է ԵՄ-ի դերն այս ամենում, տարածաշրջանային այս փոփոխվող կարգի ձևավորման գործում։ Այստեղ իսկապես ավելի շատ եվրոպական առաջնորդության կարիք կա: Ուստի հուսով եմ, որ նոր կառավարությունը Գերմանիայում այլ առաջնահերթություններ կսահմանի։ Բայց պետք է նաև անկեղծ լինեմ ու ասեմ, որ կասկածում եմ, որ դա կլինի առանցքային առաջնահերթություններից մեկը։ Այնպես որ, անկեղծ ասած, ես բավականին հիասթափված եմ այս առումով», - ասաց փորձագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է Գերմանիայում այս քաղաքական անորոշությունն անդրադառնալ Հայաստանի և Վրաստանի նման երկրներին տրամադրվող աջակցության վրա:
Փորձագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․