Հարավային Կորեայում մարտկոցներ արտադրող գործարանում բռնկված հրդեհից 22 մարդ է զոհվել

Aricell գործարանի հրդեհի հետևանքները, Հվասոն, 24 հունիսի, 2024թ.

Հունիսի 24-ին Հարավային Կորեայում մարտկոցներ արտադրող Aricell գործարանում տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որի հետևանքով բռնկված հրդեհից զոհվել է 22 մարդ:

Հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ մի շարք մարտկոցներ պայթել են պահեստում, որտեղ պահվել է մոտ 35 հազար մարտկոց: Թե ինչն է պայթյունի պատճառ դարձել, դեռևս հայտնի չէ:

Գործարանի վերին հարկի մի հատված փլուզվել է: Զոհվածների թվում կան 18 չինացի բանվորներ և մեկը Լաոսից:

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այցելել է աղետի վայր: Ներքին գործերի նախարար Լի Սանգ-մինը տեղական իշխանություններին կոչ է արել կանխել ցանկացած վտանգավոր քիմիական նյութերի հնարավոր արտահոսքը:

Aricell գործարանն արտադրում է լիթիումի մարտկոցներ տարատեսակ սենսորների և ռադիոկապի սարքերի համար:

Մասնագետների փոխանցմամբ, մարտկոցների արտադրության համար օգտագործվող մի շարք նյութեր, մասնավորապես նիկելը, դյուրավառ են, ինչն էլ, ենթադրաբար, զրկել է գործարանի աշխատողներին տարածքն արագ լքելու հնարավորությունից: Իրավապահները հետաքննություն են սկսել: