ՀԱՊԿ-ը հակաահաբեկչական շտաբային վարժանքներ է անցկացրել

ՀԱՊԿ զորավարժություններ, սեպտեմբեր, 2024թ.

ՀԱՊԿ անդամ պետությունները համատեղ շտաբային վարժանքներ են կազմակերպել, «որոնց ընթացքում մշակել են դիվերսիաների, ահաբեկչական գործողությունների և արտակարգ իրավիճակների բացահայտմանն ուղղված քայլերը», այսօր տեղեկացրել են դաշինքի ներկայացուցիչները։

ՀԱՊԿ միասնական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը, Բելառուսի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների կառավարման կետերը, Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ազգային կառավարման կենտրոնն ու Ղրղզստանի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչությունը։

Հայաստանը վարժանքներին չի մասնակցել։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, մայիսին էլ հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։