Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար երկրորդ մրցույթն է անցկացվում։ Մասնակիցների անունները հայտնի են։ Ութ թեկնածու է պայքարում տնօրենի թափուր պաշտոնի համար։ Մրցույթի մասնակիցների ցանկում է նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, որը Հանրային ռադիոյից հեռացավ աղմուկով։
«Այո, մասնակցում եմ, աշխատանքի վերադառնալու անհաղթահարելի ցանկություն ունեմ», - «Ազատության»-ն ասաց նա։
Խումարյանը Հանրային ռադիոն ղեկավարում էր 2019 թվականից։ Ապրիլին ավարտվեց պաշտոնավարման ժամկետը, իսկ դրանից երկու ամիս առաջ՝ ձմռանը, նա հրապարակային անդրադարձել էր վարչապետ Փաշինյանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցին։ Խումարյանի համոզմամբ՝ Փաշինյանին հակադրվելու տեղ կար, ինչը չէր արել լրագրողը, նա լավ ժուռնալիստիկա չէր համարել այդ հարցազրույցն ու ներողություն խնդրել ռադիոյի ունկնդիրներից, Հանրային ռադիոյի կայքում խմբագրական գրել, քննադատել Փաշինյանին, թե «հեշտ է ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են»։
«Ակնկալիքս միանշանակ հաղթելն է, ներկայացրել եմ շատ մրցունակ ծրագիր, որը պատշաճ գնահատականի և մրցույթի պարագայում չի կարող չարժանանալ պատշաճ գնահատականի», - նշեց նա։
Հունիսի մրցույթին Խումարյանը չորս թեկնածուներից մեկն էր, այդ ժամանակ մրցույթն անցկացնող Հանրային հեռարձակողի խորհուրդը ոչ մեկին չընտրեց։ Խումարյանը պահանջում էր խորհրդի հրաժարականը։ Արդյոք անաչառ ընտրություն կանե՞ն, ի՞նչ է ակնկալում սպասվող մրցույթից, հատկապես որ այս խորհուրդը իր խմբագրականից հետո համարել էր՝ առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ու տարակուսել, որ այդ քննադատություն գրառումը տեղադրվել էր Հանրայինի կայքում։ Ըստ խորհրդի՝ ռադիոյի տնօրենը առերևույթ չարաշահել էր իր լիազորությունները։
«Ես չէի ուզի խոսել բաների մասին, որոնց համար ուղղակիորեն պատասխանատու չեմ հատկապես այս շրջանում, քանի որ իմ ցանկացած խոսք և նույնիսկ վանկ կարող է այս փուլում դիտարկել որպես խառնվելու փորձ մրցութային գործընթացին, ինչին ես, բնավ, տրամադրված չեմ։ Ընդհանուր պրոցեսի իմաստով ես ասում եմ, որ ես վիճարկում եմ պետության մասնակցությունը հանրային հեռարձակողի գործերին որպես այդպիսին։ Պետությունը ցանկանում է մասնակցել, հլը որ ոչ այդքան արդյունավետ, համենայն դեպս նախորդ 5 տարիներին։ Այնպես չէ, որ շատ լավ է դա իրենց մոտ ստացվում», - ասաց Գարեգին Խումարյանը։
Նախկին տնօրենը կարծում է՝ իր ներկայացրած ծրագիրը մրցունակ ու հավակնոտ է։ Նախորդ մրցույթից երկու թեկնածուներ՝ Բելա Հովհաննիսյանն ու Մհեր Մարգարյանն այս անգամ էլ են մասնակցում։ Երկուսն էլ Հանրային ռադիոյում աշխատանքի փորձ ունեն։ Բելա Հովհաննիսյանը կարծում է՝ նախորդ մրցույթում, իր ձևակերպմամբ, քաղաքական որոշում, հրահանգ չկար որևէ թեկնածուի նկատմամբ, այդ պատճառով էլ չեն ընտրել որևէ մեկին։
«Մրցույթում բոլորը բոլորին դեմ քվեարկեցին, դա քաղաքական որոշում էր՝ մրցույթը բոյկոտելու հանձնաժողովականների կողմից, նրանք բոյկոտեցին մրցույթը, որովհետև հակառակ դեպքում օրինակ՝ ես իմ աշխատանքային փորձով և կենսագրությամբ ամբողջովին համապատասխանում էի, և քանի որ դեռ չունեին հրահանգ, որոշում, բոլորը բոլորին դեմ քվեարկեցին», - ասաց նա։
Բելա Հովհաննիսյանը քաղաքական-հասարակական ծրագրերի պրոդյուսեր է եղել, մասնագիտությամբ լրագրող է։
Մհեր Մարգարյանը կարծում է թեկնածուների ցանկի համալրումը բարդացրել է մրցակցությունը, քանի որ մասնակիցները կրկնապատկվել են։ Հանրային ռադիոյում է աշխատում 2003 թվականից։ Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է։
«Փորձենք ուժերը, տեսնենք՝ ում ծրագիրն ավելի բարձր կգնահատվի։ Թող հաղթի արժանվույնը», - նշեց նա։
Հանրային ռադիոյի «Մեդիաաշխարհ» և «Անկախության պատմություն» հաղորդումների հեղինակ Միքայել Յալանուզյանն էլ է դիմել մրցույթին։ Ինչպես նաև Նազելի Օհանյանը, որ Հանրային ռադիոյում վարում է «Վերնատուն» հաղորդումը։ Հեղինակային հաղորդումներ է վարել նաև «Բուն» TV-ում։ Թեկնածուներից է հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը, նա տարբեր հաղորդումների հեղինակ է, «Globe news» ընկերության տնօրենը։
«Հրապարակ» օրաթերթի թղթակից Լուսինե Պետրոսյանն էլ է մասնակիցների ցանկում։ Նա լրագրող է, հրապարակախոս։ Տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է նաև «Ազատության» աշխատակից Արմեն Քոլոյանը, որը հրաժարվեց մեկնաբանությունից։ Թե ութից որ մեկին կընտրի Հանրային հեռարձակողի խորհուրդը, հայտնի կդառնա հուլիսի 29-ին։