Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագիրը մեկնարկում է, և այս առիթով փչացել է «Հայփոստ»-ի առաջին շենքում հեռախոսների վաճառքով ու սպասարկմամբ զբաղվողների տրամադրությունը։
Շուրջ մեկ տարի առաջ կառավարության որոշմամբ Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքը օտարվեց «Ռենշին» ընկերությանը՝ համաշխարհային առևտրի կենտրոն աշխարհի 100 երկրներում կա, Կովկասի բոլոր երկրներում կա, Հայաստանում չկա. կառավարական կաբինետի անդամները կենտրոնի անհրաժեշտությունն այսպես հիմնավորեցին։
«Իմ գնահատմամբ և կարծիքով՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ մենք այդ մասշտաբի շենք դեռ չենք կառուցել», - հայտարարել է վարչապետը:
Ծրագիրը, սակայն, միայն «Ռենշին»-ինը չէ. այս ընկերությունը փողը կտա՝ 212 միլիոն դոլար, պետությունը շենքը՝ 50-50:
«Ծրագրի մեջ Էկոնոմիկայի նախարարությունն ունի 19 տոկոս բաժնետոմս, «Հայփոստ»-ը՝ 31 տոկոս բաժնետոմս և 50 տոկոս բաժնետոմսը պատկանում է «Ռենշին» ընկերությանը», - ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հիմա «Հայփոստ»-ի շենքը դատարկում են, առաջին հարկի հեռախոսի բիզնեսով զբաղվողները մինչև երեկ պիտի լքեին տարածքը, բայց նրանք դեռ տեղում են:
«Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցում», - նշեց «Սարյան 22 տնտեսվարողների միություն» կոոպերատիվի նախագահ Ռոման Վարդանյանը:
Ռոման Վարդանյանը շուրջ 20 տարի այստեղ հեռախոսի բիզնեսով է զբաղվել, «Հայփոստ»-ի հետ վարձակալության պայմանագիր ոչ նա, ոչ էլ մյուս 20-ից ավելի տնտեսվարողները չունեն:
Դավիթ Վարդանյանը պնդում է՝ շենքի օտարման պլան միշտ է եղել, ահա ինչու օրինական պայմանագրեր իրենց հետ չեն կնքվել. - «Խուսափել են, որովհետև ամեն վայրկյան՝ 30 տարի այս շենքն ուզեցել են սեփականաշնորհել, չի հաջողվել»:
Վարդանյանը պնդում է՝ իրենք էլ իրավունքներ ունեն, քանի որ տասնամյակներով տարածքն օգտագործելուն զուգահեռ, նաև խնամել են այն՝ մի քանի անգամ տանիքն են կարգի բերել, բակում եղևնի են տնկել, որպեսզի այն չգողանան իրենց ընկերոջ հուշատախտակն են տեղադրել, ջուր են հասցրել եղևնուն, մի խոսքով՝ տարածքին վերաբերվել են սեփականի պես։ Պետության այս գործարքը նրան գույք պարտքի դիմաց ծրագիրն է հիշեցնում:
«Մեկ քառակուսի մետրի արժեքն է՝ 4-10 հազար դոլար ու չի կարելի զիջել գույք ներդրման դիմաց», - ընդգծեց նա:
Տնտեսվարողները փոխհատուցում ասելով փող չեն ուզում, այլ Կենտրոնում, օրինակ, որևէ գետնանցումում տարածք՝ դարձյալ հեռախոսների սպասարկմամբ զբաղվելու համար։ Պահանջը կազմակերպված վերևներին հասցնելու համար կոոպերատիվ են ստեղծել:
Երեկ նրանց ընդունել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածքն ազատելու ժամկետներին, դրանց երկարացման հնարավորություններից», - ասաց նախարարության մամուլի խոսնակ Կարինե Տերտերյանը:
Նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրեց՝ մինչև վաղը երեկո բողոքավորներին կպատասխանեն։ Ի դեպ՝ առևտրականները եթե չբավարարվեն նախարարության առաջարկով, բողոքը կշարունակեն մինչև դատարաններ:
«Հայփոստ»-ի շենքը դատարկելուն զուգահեռ, շենքի հետնամասում, Կոնդի որոշ հատվածների նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչվել։
Համաշխարհային առևտրի կենտրոն միայն «Հայփոստ»-ի շենքով չի ստացվի, 50 հարկանի նորակառույցի մասին է խոսվում։ «Ռենշին» ընկերությունը նախագիծ դեռ չի հրապարակել, «Ազատության» հարցումն էլ այստեղ անպատասխան թողեցին։ Մինչև այժմ այս մեգա կենտրոնի ծրագրի վերաբերյալ միայն մի լուսանկար է տարածվել։
Տարածքի բնակիչները Էկոնոմիկայի նախարարությունից արդեն ծանուցումներ են ստացել՝ իրենց տները իրացման գոտի են։ Բանակցություններ դեռ չկան։ «Հայփոստ»-ի շենք գումարած ևս 60 հասցե Սարյան -Պարոնյան փողոցների միջնամասում՝ այս ամենը 5 տարի անց կդառնա համաշխարհային առևտրի կենտրոնի հասցեն։