Համաշխարհային առաջնորդները դատապարտել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է այն, ինչ ՀԴԲ-ն որակել է որպես մահափորձ:
«Գլխավոր քարտուղարը միանշանակ դատապարտում է քաղաքական բռնության այս ակտը։ Նա իր լավագույն մաղթանքներն է հղում նախագահ Թրամփին՝ շուտափույթ ապաքինման համար», - ասվում է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
Հուլիսի 13-ին կրակոցներ են հնչել Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ. առնվազն երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործը, կան վիրավորներ։ «Դոնալդ Թրամփի հետ ամեն ինչ կարգին է, նրան վտանգ չի սպառնում»,-փոխանցել են նախագահի հանրապետական թեկնածուի շտաբից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թրամփի ինքնազգացողությունը լավ է» հանրահավաքում հնչած կրակոցներից հետո, կան զոհերԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ինքը «խորապես ցնցված է» կրակոցից:
«Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ,- գրել է նա X-ում՝ նշելով, - ես ցանկանում եմ Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում և իմ ցավակցությունն եմ հայտնում անմեղ զոհի ընտանիքին»։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ևս արձագանքել է` X-ի իր էջում նշելով. - «Չի կարելի գերագնահատել. քաղաքական բռնությունը երբեք ընդունելի չէ: Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառման մասնակիցների և բոլոր ամերիկացիների հետ են»:
Եվրոպական միության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ցնցված է և խստորեն դատապարտում է հարձակումը:
«Հերթական անգամ մենք ականատես ենք լինում քաղաքական ներկայացուցիչների նկատմամբ անընդունելի բռնությունների», - գրել է նա X-ում։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին «համերաշխություն» է հայտնել Թրամփին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նրան «արագ ապաքինում» է մաղթել՝ միաժամանակ կրակոցն անվանելով «ողբերգություն մեր ժողովրդավարությունների համար»։
«Ֆրանսիան կիսում է ամերիկացի ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը», - նշել է Մակրոնը X-ում արված գրառման մեջ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես տեղի ունեցածը որակել է որպես սպառնալիք ժողովրդավարությանը։
«Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը նողկալի է», - ընդգծել է նա X-ի գրառման մեջ: «Նման բռնության գործողությունները սպառնում են ժողովրդավարությանը»:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով շաբաթասկզբին այցելել էր Թրամփին Ֆլորիդայում գտնվող իր տանը, ասել է, որ իր մտքերն ու աղոթքները կապված են ԱՄՆ նախկին նախագահի հետ:
Իսկ Ուկրաինայի նախագահը, ով նախկինում վատ հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, ասել է, որ ապշած է բռնության մասին լսելով:
«Նման բռնությունը արդարացում և տեղ չունի աշխարհում ոչ մի տեղ: Բռնությունը երբեք չպետք է գերակշռի», - ասել է Վլադիմիր Զելենսկին X-ում արած գրառման մեջ:
«Մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար», - գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ X-ում նշել է. - «Մենք խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի դեմ քաղաքական բռնության ակտը»:
Մոսկվայում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Թրամփի վրա հարձակում հրահրող մթնոլորտ ստեղծելու մասին։
«Մենք չենք հավատում, որ Թրամփին վերացնելու և սպանելու փորձը կազմակերպվել է ներկայիս իշխանությունների կողմից, - ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ և հավելել, - բայց մթնոլորտը, որը [Բայդենի] վարչակազմը ստեղծել է իր քաղաքական կռիվների միջոցով, այն մթնոլորտը, որը շրջապատում է թեկնածու Թրամփին, հրահրել է այն, ինչ այժմ բախվում է Ամերիկային»։
Միջադեպը տեղի է ունեցել Հանրապետականի ազգային համագումարի բացումից երկու օր առաջ, որում ակնկալվում է, որ գործարարն ու ռեալիթի հեռուստատեսության նախկին աստղը կապահովի կուսակցության թեկնածությունը և նոյեմբերի 5-ի ընտրություններից չորս ամիս առաջ: