«Համաս»-ը չի մասնակցի Գազայում զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով այսօր Կատարում նախատեսված նոր բանակցություններին, BBC-ին փոխանցել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի ղեկավար անդամներից մեկը։
Իսրայելը հաստատել է իր մասնակցությունը բանակցություններին։
«Համաս»-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ խմբավորումը չի ցանկանում մասնակցել «բանակցություններին հանուն բանակցությունների, որի ներքո Իսրայելը շարունակում է պատերազմը», այլ ցանկանում է տեսնել «ճանապարհային քարտեզ», պայմանավորվածությունների իրականացման հստակ ծրագիր։
«Այդ ծրագիրը պետք է հիմնված լինի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված առաջարկների վրա», - BBC-ին ասել է «Համաս»-ի ներկայացուցիչը:
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը վերջին ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ «Համաս»-ի ներկայացուցիչներն այնուամենայնիվ կմասնակցեն բանակցություններին։
«Կատարի մեր գործընկերները մեզ հավաստիացրել են, որ «Համաս»-ից ներկայացուցչություն կլինի: Ակնկալում ենք, որ այդ բանակցություններն առաջ կշարժվեն։ Բոլոր բանակցողները պետք է վերադառնան սեղանի շուրջ և ավարտին հասցնեն այս գործարքը», - ասել է Պատելը։
Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ էին ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։ «Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, կողմերից և ոչ մեկն այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում էր համատեղ հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Հայաստանը ողջունել են Գազայի հարցով բանակցությունները վերսկսելու կոչերը։
Բանակցությունները տեղի կունենան այսօր Դոհայում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին իսրայելական լրատվամիջոցները, Դոհա կմեկնեն «Մոսադ»-ի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան, «Շին Բեթ»-ի անվտանգության ղեկավար Ռոնեն Բարը, ինչպես նաև Նեթանյահուի խորհրդականները և Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները։ Հանդիպմանը կմասնակցի նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունն Իսրայելին