Ներկայումս համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով, РИА Новости-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Նա հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները։ Դրա համար որպես արդյունավետ հարթակ նա նշել է «3+3»-ը։
Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն՝ ասելով, թե դա մտահոգություն է առաջացնում։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր, ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։
2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։