Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ միաժամանակ կրկնելով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ դիրքորոշումը։

Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, սակայն ըստ Ջեյհուն Բայրամովի՝ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի «Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են» Ադրբեջանի նկատմամբ։

Հայաստանի բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնը քանիցս պնդել է պաշտոնական Երևանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կազանում հայտարարել էր, որ ՍԴ որոշումն արձանագրում է, որ վերոնշյալ մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական, հավելել՝ առաջարկում են Բաքվին ստորագրել համաձայնագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին