Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է Եվրամիության (ԵՄ) քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար, Politico-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Պաշտոնական Երևանը մինչդեռ բարձր է գնահատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում, ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Սկզբնական շրջանում Բաքուն համաձայնել էր, որ Հայաստանում տեղակայվեն Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդները։ Այն ժամանակ առաքելությունը 2 ամսով էր հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի հատվածում։ Մինչդեռ երկարաժամետ առաքելությանն Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել։
Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելության մանդատը երկու տարի է։
Այս ընթացքում մի քանի անգամ Բաքուն հաղորդագրություններ է տարածել սահմանային կրակոցների մասին, մինչդեռ ԵՄ դիտորդները հայտարարել են, որ որևէ արտառոց շարժ կամ միջադեպ չեն արձանագրել։
Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Մանրամասներ այս մասին նա չի հայտնել։
Բացի այդ, լրագրողների հետ զրույցում էլ սեփական բանակը զինող երկրի նախագահի օգնական Հաջիևը մեղադրել է Հայաստանին «ռազմականացման քաղաքականություն» վարելու համար։ Ընդ որում, Հաջիևը հերթական անգամ դրա համար քննադատել է Ֆրանսիային։
Երևանը ավելի վաղ հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։