Հալեպը՝ նոր հարձակումների թիրախում, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին

Սիրիա - Մարտական գործողությունները Հալեպի շրջանի Սարաքիբ քաղաքի մատույցներում, 28-ը նոյեմբերի, 2024թ.

Կատաղի մարտեր Սիրիայում՝ իսլամիստ զինյալների և սիրիական կառավարական բանակի միջև, Հալեպի շրջանում 13 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, մեծաթիվ զոհեր ունեն նաև հակամարտող կողմերը։

Բաշար Ասադի բանակի և ջիհադիստների միջև վերջին ժամերի ռազմական գործողությունները Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիական դիտորդական կենտրոնը գնահատում է որպես վերջին տարիներին երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած վատթարագույն մարտեր։

Կազմակերպության տեղեկություններով՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն ու դրա դաշնակից ջիհադիստ զինյալները նախօրեին անսպասելի հարձակում են իրականացրել սիրիական բանակի վրա Հալեպի շրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրիական ընդդիմությունը հարձակում է ձեռնարկել Հալեպի ուղղությամբ

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել , սիրիական երկարամյա պատերազմի ընթացքում այդ խմբավորումը ինչպես Սիրիայի, այնպես էլ ռուսական ուժերի թիրախում է եղել:

Վերջին 24 ժամվա ընթացքում Հալեպից ոչ հեռու շարունակվող մարտերում զոհերի թիվը հասել է 153-ի, զոհերի մեծ մասը՝ ջիհադիստ խմբավորումներից, հայտարարել է Սիրիական դիտորդական կենտրոնը՝ վկայակոչելով Սիրիայից ստացված տվյալները:

Բախումները տեղի են ունենում Իդլիբ և Հալեպի նահանգներին հարող տարածքներում՝ Հալեպ քաղաքի արվարձաններից ընդամենը 10 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:

Սիրիական կառավարական բանակի դեմ հարձակումը նախաձեռնած խմբավորումը, որը գլխավորում է «Ալ-Ղաիդա»-ի նախկին սիրիական մասնաճյուղը, վերահսկում է հյուսիսարևմտյան Իդլիբի տարածքի մեծ մասը, հարևանությամբ գտնվող Հալեպի, Համա և Լաթաքիա նահանգների որոշ հատվածներ:

France-Presse գործակալության թղթակիցը հայտնում է երեկվանից Իդլիբ քաղաքի արևելքում ծանր, չդադարող բախումների մասին՝ ներառյալ օդային հարվածները:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հաստատել է լայնածավալ հարձակման փաստը՝ հավելելով, որ «միջին և ծանր զինատեսակներով հարձակումը թիրախավորել է անվտանգ գյուղերն ու քաղաքները և այդ շրջաններում գտնվող Սիրիայի բանակի ռազմական օբյեկտները»:

Լրատվամիջոցը նշում է, որ բանակը «բարեկամ ուժերի հետ համագործակցությամբ» դիմակայում է շարունակվող հարձակմանը»՝ հակառակորդին պատճառելով «ծանր կորուստներ»։ Սեփական կորուստների մասին Սիրիայի պաշտոնական աղբյուրը չի հայտնում։

France-Presse-ի հաղորդմամբ՝ ջիհադիստները երեկվանից սոցիալական ցանցերում մի շարք հայտարարություններով պնդում են, թե Սիրիայում վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 15 գյուղեր, գրավել են ռազմաբազա և տեխնիկա, գերեվարել մի խումբ զինվորականների։

Անկախ աղբյուրներին դեռևս չի հաջողվում ինքնուրույն ստուգել այդ պնդումերը:

Սիրիական դիտորդական կենտրոնը, միաժամանակ, հայտնում է, որ ջիհադիստներին հաջողվել է առաջ շարժվել Իդլիբ նահանգում՝ վերահսկողության տակ վերցնելով բնակավայրեր, որոնք «ռազմավարական նշանակություն ունեն M5 միջազգային մայրուղու մոտ լինելու պատճառով», երկու այլ բնակավայր էլ գրավել են՝ փորձելով «կտրել Հալեպ-Դամասկոս միջազգային մայրուղին»։

Կատաղի այս մարտերում, ըստ տարբեր աղբյուրների, Սիրիայի բանակին աջակցում են 2015 թվականից երկրում տեղակայված Դամասկոսի դաշնակից Ռուսաստանի ուժերը` օդուժի, ծանր հրետանու և հրթիռների կիրառմամբ։

Ջիհադիստների պնդումները հաստատվելու դեպքում սա կդառնա այդ խմբավորումների առաջին տարածքային առաջխաղացումը 2020-ի մարտից ի վեր, երբ Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում հրադադարի շուրջ պայմանավորվեցին:

Անկարան, ի տարբերություն Թեհրանի և Մոսկվայի, աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։

Թուրքիայի իշխանություններն այսօր հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են Սիրիայում բռնկված մարտերին։ Պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյաները, որոնց մեջբերում է պետական Anadolu գործակալությունը, հայտարարել են, որ թուրքական բանակը ձեռնարկել է «բոլոր տեսակի միջոցներ»՝ Սիրիայում իր զորքերը պաշտպանելու համար:

Պաշտոնական Մոսկվան մինչ այս պահը չի մեկնաբանել Սիրիայում վերսկսված բախումները և դրանց իր զինուժի մասնակցության մասին տեղեկությունները։

Մի շարք լրատվամիջոցների համաձայն՝ Սիրիայի նախագահ Ասադը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք, լուրը, սակայն, կողմերը դեռևս չեն հաստատել:

Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի հնչել Դամասկոսի մյուս դաշնակցից՝ Իրանից։ Ռուսաստանյան ТАСС գործակալությունը, վկայակոչելով սիրիական SNN հեռուստաընկերությանը, հայտնում է, որ ջիհադիստների հարձակման հետևանքով Սիրիայում իրանցի բարձրաստիճան զինվորական է սպանվել՝ գեներալ -մայոր Քիյուրմաշ Փուրհաշեմին, որը հարձակման պահին գտնվում էր Հալեպ քաղաքի շրջակայքում: