«Հալեպի շուկայի» փակումից հետո այսօր աշխատանքից զրկված սիրիահայերն իրենց խնդրին լուծում էին պահանջում Մետրոպոլիտենից՝ հենց այն կազմակերպությունից, ում հետ պայմանագիր են կնքել Հանրապետության հրապարակի հարակից տարածքում առևտրային գործունեություն ծավալելու համար։
«Անսպասելի ձևով, ոչ մեկ, իրենք էլ տեղյակ չեն եղել, որ, ասենք, մեզ ծանուցում ուղարկեն, որ գիտե՞ք ինչ, մի ամիս կամ երկու օր տևելու է, երկու օրից գալու են ամբողջը փակեն կամ պլոմբեն», - «Ազատությանն» ասաց ժամագործ Մեսրոպ Կարինյանը:
«Հալեպի շուկայում» սպորտային հագուստի վաճառքով զբաղվող Գևորգ Պարսումյանն էլ հավելեց՝ Մետրոպոլիտենից իրենց այսօր վստահեցրել են, որ իրենք էլ վերջին րոպեին են իմացել այս մասին. - «Մարդիկ բացատրում են մեզ, որ ամսի 26-ին կամ 27-ին այս որոշումը եղել է, սեպտեմբերի, Մետրոն տեղյակ էր այն ժամանակ, այսինքն՝ պետությունը, մարդիկ իրենց բոլոր իրավական թղթերը ներկայացրել են Դատախազությանը և կարողացել են դա կասեցնել, որովհետև իրենք իրավունքով են: Մարդիկ իրենք՝ իբրև պետություն, ասում են՝ այլևս ի՞նչ պատահեց, որ իրենք մի օր առաջ ուշ ժամանակին կարողացել են ետ էդ պրոցեսը աշխատացնել, և առավոտ շուտ իրենց ոչ պաշտոնական տեղեկացրել են, այսինքն՝ տակավին նամակը «Հայփոստ»-ում է, նույնիսկ իրենց չի հասել»:
10 տարի գործելուց հետո Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի անցումում գործող «Հալեպի շուկան» երեկ փակվեց 20 րոպեում։ Դեռ երեկ սիրիահայ տղամարդիկ պատմում էին՝ որևէ խնդիր չի եղել տարածքի նախկին սեփականատիրոջ՝ «Դիադին» ՍՊԸ-ի հետ, մինչև այն պահը, երբ Մետրոպոլիտենի ու «Դիադին»-ի ջրերը մի առվով չեն գնացել։
Մետրոպոլիտենից պնդում են՝ «Դիադին»-ին տարածքը տրամադրված է եղել 10 տարի ժամկետով, այնուհետև տարածքը վարձակալությամբ տրամադրվել է 10 անհատ ձեռներեցներին։ Մետրոպոլիտենի և «Դիադին»-ի վեճը հիմա դատարանում է, գործը քննվում է, ԴԱՀԿ-ից էլ բացատրեցին, որ երեկվա տեղի ունեցածը, երբ մի քանի րոպեում փակվեցին կրպակները, դատարանի միջանկյալ որոշման հետևանք էր։
«Խնդրում ենք նախկին վարձակալին, իր խնդիրը մեր հետ չէ, թող դատը շարունակվի՝ իրավապահ մարդիկ թող որոշեն, նայեն՝ ով է ճիշտ, ով է սխալ, եթե Մետրոն է սխալ, Մետրոյին թող դատեն, եթե իրենք են, իրենց, բայց մենք ո՞ւմ ենք վնաս տալիս, մենք շարունակենք մեր գործը: Մենք օրինական ձևով, ամեն, բանկով նույնիսկ թափանցիկորեն վճարում ենք բոլոր վարձերը, վերջնական ով որ հաղթի, էդ գումարը ինքը թող վերցնի», - ընդգծեց Գևորգ Պարսումյանը:
Այս փուլում կռվախնձոր է դարձել նույնիսկ ոչ թե տարածքը, այլ՝ այնտեղ գտնվող գույքը: Մետրոպոլիտենից այսօր էլ պնդեցին՝ այն «Դիադին»-ինը չէ. - «Գույքը պատկանում է 10 անհատ ձեռներեցներին, ես չեմ հասկանում, թե որտեղից է «Դիադին»-ը ասում, որ գույքը իրենց է պատկանում»:
ԴԱՀԿ-ը փաստեր է պահանջում, «Ազատությանը» դեռ երեկ էին փոխանցել, որ որևէ փաստաթուղթ Մետրոպոլիտենից չեն ստացել գույքի ներկայիս սեփականատերերի մասին։
Իսկ տարածքի նախկին սեփականատեր, «Դիադին»-ի տնօրեն Գևորգ Բադեյանն էլ «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ գույքն իրենից ապօրինաբար խլել են:
«Պայմանագրում հստակ տեղադրված է, նշած է, որ հինգ ու մեկ կետով այդ գույքը հանդիսանում է «Դիադին» ՍՊԸ-ի սեփականություն, գույքը մեզնից ապօրինաբար ութ ամիս է խլել են», - ասաց Բադեյանը:
10 կրպակատերերը, իրենց հերթին, այս խնդրով Դատախազություն են դիմել։
«Մենք դիմել էինք, որ էս գույքը մեզ է պատկանում, պատճառներն էլ ասել էինք, պիտի գնանք խնդրենք՝ մեզ պատասխան տան», - ասաց Գևորգ Պարսումյանը:
Ու մինչ այս պատմության կողմերն իրավական քաշքուկների մեջ են, Հանրապետության հրապարակի անցումում 10 տարի Հալեպի համն ու հոտը փոխանցող փոքրիկ շուկան փաստացի այլևս գոյություն չունի՝ կողպեքի տակ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրապարակի մետրոյի անցումում գործող «Հալեպի շուկա»-ն 20 րոպեում փակվեց. ինչ է պատահել