Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից. Մակար Աշգարյան

Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն քիչ առաջ «Ազատությանը» հայտնեց, որ այսօր Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են այդ մասին իրենց հայտնել։

«Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», - ասաց Աշգարյանը։

Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։

Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադը լքել է Սիրիան, զինյալները գրավել են Դամասկոսը