Հաքան Ֆիդանն ու Էնթոնի Բլինքենը հանդիպել են Նյու Յորքում

Լուսանկարը՝ Թուրքիայի արտգործնախարարության X-ի էջի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղեկացնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ֆիդանը Նյու Յորքում էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։

Թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բլինքենը, թուրքական կողմը չի հաղորդում։ Աերիկյան կողմն էլ հանդիպման մասին դեռ չի հայտնել։

Նախօրեին Նյու Յորքում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար։ «Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն այսօր հայտարարել է, որ Բլինքենը ողջունել է երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը և կոչ է արել երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան