Վարչապետն արդեն որոշել է, թե ով կլինի Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը Կառավարությանը կառաջարկի, որ ներկա ու նախկին բարձրաստիճանների կոռուպցիոն հանցանքները քննող կառույցի ղեկավարի պաշտոնում հաստատեն Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Նահապետյանի թեկնածությունը:
Վարչապետը Ֆեյսբուքում գրել է, որ նախորդ օրերին առանձին հանդիպումներ է ունեցել հարցազրույցի փուլն անցած երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ: Փաշինյանն ընդգծել է, որ թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ Նահապետյանն առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։
«Պարոն Արթուր Նահապետյանի մասով՝ ինձ թվում է, որ բավականին ինձ դուր եկավ իր բարեվարքությունը, որովհետև, ես ազնվությամբ ասեմ, մենք իր մասով բավականին շատ տեղեկություններ ենք փորձել ման գալ, ստուգել ու որևիցե էական խնդիր չենք հայտնաբերել», - մրցութային հանձնաժողովի անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն էր Նահապետյանի մասին դրական արտահայտվել անցած շաբաթվա հարցազրույցից հետո։ Այսօր էլ ասաց՝ Նահապետյանը միակ թեկնածուն է, որի մասին խորհրդի և ոչ մի անդամ չի պնդել, թե նա չի կարող զբաղեցնել Հակակոռուպցիոնի ղեկավարի պաշտոնը։
«Ինչպիսին կլինի պարոն Նահապետյանի պաշտոնավարումը կոմիտեի նախագահի պաշտոնում, ժամանակը ցույց կտա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Իոաննիսյանը։
34-ամյա Նահապետյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունի Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, որին մեղադրյալներից մեկն անգամ իրեն անձամբ խոշտանգելու մեջ էր մեղադրել: Այդ կասկածները, սակայն, Հակակոռուպցիոն կոմիտեն չէր հաստատել:
«Իմ ու պարոն Քյարամյանի հարաբերությունները որևէ ձևով չեն կաշկանդում ինձ օբյեկտիվ և անաչառ որոշումներ կայացնելու մասով», - վստահեցրել է Նահապետյանը։
Անցած շաբաթ Արթուր Նահապետանը շատ կարճ էր պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք ինքն էլ կվարվի Սասուն Խաչատրյանի պես, եթե պաշտոնը թողնելու SMS ստանա գործադիրի ղեկավարից․ - «Այդ մասով որևէ մտավախություն չունեմ, քանի որ ոչ մի պաշտոն հավերժ չի»։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ այդ կառույցը երեք տարի ղեկավարած Խաչատրյանը վարչապետի հաղորդագրությունից հետո առանց բացատրության հրաժարական տվեց:
Նահապետյանն ընդամենը երկու ամիս է, ինչ Քննական կոմիտեի նախագահի տեղակալն է: Դրանից առաջ շուրջ երկու տարի դատավոր էր Վերաքննիչ հակակոռուպցիոնում: Կարիերան սկսել է քննիչի մասնագիտությունից Ոստիկանության Շիրակի մարզի բաժնում, տարիներ անց նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ, հետո արդեն ղեկավարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը:
Հարցազրույցի ժամանակ վստահեցրել էր՝ շահերի բախում չի լինի, եթե Հակակոռուպցիոնի ղեկավարի պաշտոնում քննի նախկին գործընկերների գործերը:
«Շահերի բախման հետ կապված՝ Հակակոռուպցիոն դատարանում նաև քննվել են բազմաթիվ վարույթներ, որոնք վերաբերել են Քննչական կոմիտեում քննվող գործերին կամ այդ գործերով կայացված ակտերին, և նորից կայացվել են նախաքննական մարմնի դիրքորոշմանը հակասող բամաթիվ դատավարական փաստաթղթեր իմ կողմից», - ասել էր նա։
Նահապետյանը նաև ընդգծել էր, որ ընտրվելիս առաջինը կկենտրոնանա երկար քննվող գործերի վրա։
«Իմ պատկերացումների մեջ մտնում է նաև առանձին աջակցող ստորաբաժանման հիմնում, որը օժտված է լինելու այսպես կոչված մոնիթորինգի վերլուծական գործառույթներով, որպեսզի վերհանի տարբեր պետական հիմնարկներում, համայնքներում կոռուպցիոն հնարավոր ռիսկեր պարունակող իրավիճակները, համապատասխան վերլուծություններ կատարի այդ կապակցությամբ», - ասել էր Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուն։
Նահապետյանն այսօր չցանկացավ հարցազրույց տալ: Կառավարությունը ենթադրաբար առաջիկա նիստում կհաստատի նրա թեկնածությունը: